Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

Հունիս 21,2018 11:34

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:

Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ:

Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ): Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը:

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեեւ թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով: Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները 2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը եւս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին:

Այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, եւ փաստել է իր արդյունավետությունը:

Բացի պոլիոմելիտի պատվաստանյութից՝ փոփոխվում է նաեւ կապույտ հազի բաղադրիչը. դեղաչափը մնում է նույնը, փոխվում է հակածինների կազմը:

Այս համատեքստում որոնք են հնգավալենտի եւ վեցավալենտի տարբերությունները.

-Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են:

-Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթեւ ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում:

-Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաեւ հոգեբանական ազդեցություն կունենա:

Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը եւ հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են եւ մշտապես գտնվում են ուշադրության առանցքում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930