«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը զբաղվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքների համակարգմամբ, ասում է, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները ունեն խորհրդատվական բնույթ, և Հայաստանի խորհրդարանը օրենքներ ընդունելիս պարտավորված չի դրանք հաշվի առնել, այդպես եղել է նախկինում, կլինի նաև առաջիկայում:
«Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգիրքը փոփոխելիս միջազգային չափանիշներով առաջնորդվելու ՀՀԿ-ականների հորդորներին, ապա նրանք լավ կանեն, որ իրենք դրա մասին ընդհանրապես չխոսեն: Ուզում եմ հիշեցնել, որ 2016թ. նրանք Ընտրական օրենսգրքի նախագիծը թաքուն էին պահում ինչպես քաղհասարակությունից և կուսակցություններից, այնպես էլ ամբողջ հասարակությունից: Բացի այդ, երբ խոսվում է այն մասին, որ ընտրությունները պետք է կազմակերպվեն օրենսգրքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո, ապա այդ նույն ՀՀԿ-ականները թող հիշեն, որ իրենք 2016-ի աշնանը փոփոխություններ իրականացրեցին Ընտրական օրենսգրքում՝ փոխելով շատ կարգավորումներ, և դա ընտրություններից վեց ամիս առաջ, ու ոչ ոք դա չընկալեց որպես միջազգային չափանիշների ոտնահարում»,- ասում է Իոաննիսյանը՝ հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի ստանդարտ առաջարկները վերաբերում են ստանդարտ իրավիճակներին, մինչդեռ Հայաստանը այժմ ոչ ստանդարտ իրավիճակում է, և պահանջվում են լուծումներ, որոնք կհանգուցալուծեն քաղաքական ճգնաժամը:
Նա մեկ-երկու օրինակ է բերում՝ համոզելու համար, որ Վենետիկի հանձնաժողովի ոչ բոլոր առաջարկներն են, որ նախկինում ընդունվել են, և հիմա էլ իրենք պատրաստվում են ընդունել առաջարկներ, որոնք նախկինում մերժվել են:
«Տեսեք՝ Վենետիկի հանձնաժողովը դեմ էր ընտրողների ստորագրությամբ ցուցակների հրապարակմանը, բայց քաղհասարակությունը և կուսակցությունները պնդեցին նման կարգավորման ներդրման անհրաժեշտությանը որպես ընտրությունների նկատմամբ վստահության ձևավորման միջոց, և Վենետիկի հանձնաժողովը չառարկեց, կամ ավելի ճիշտ՝ դա ընդունեց որպես ի գիտություն: Եվ ընդհակառակը՝ Վենետիկի հանձնաժողովը պնդում էր, որ նախընտրական հիմնադրամներից ֆինանսավորվի ամբողջ քարոզարշավը և ոչ թե միայն քարոզչապաստառների ու այլ գովազդային նյութերի պատրաստումը: Այս կարգավորմանը կողմ էինք նաև մենք՝ քաղհասարակության ներկայացուցիչներս, բայց իշխանությունը դեմ էր դրան և չընդունեց դա: Հիմա մենք այդ կարգավորումը մտցնելու ենք նոր օրենսգրքի մեջ, ինչպես որ շատ այլ կարգավորումներ, որոնք նախկինում իշխանությունը մերժել է, բայց մենք ընդունելու ենք: ՀՀԿ-ականները թող շատ չանհանգստանան, ամեն ինչ լավ է լինելու»,- պարզաբանում է Իոաննիսյանը:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում