Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«10 տարի առաջ ի՞նչ պիտի տաներ՝ ավտոմա՞տ, պուլիմյո՞տ, տա՞նկ»

Հունիս 21,2018 11:19

«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը չի կարծում,
որ Մանվել Գրիգորյանը բանակից թալանել է, իսկ ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանի:

– Գեներալ Մանվել Գրիգորյանի տան եւ ամառանոցի պահեստներում ԱԱԾ-ի հատուկ գործողության արդյունքում հայտնաբերված ավարը շոկի մեջ է գցել հանրությանը: Երկար տարիներ ճանաչում եք Մանվել Գրիգորյանին, Ձեզ համար անակնկա՞լ էր, անսպասելի՞ էր, թե՞ չեք զարմացել տեսածից:

– Անկեղծ ասած, անսպասելի էր: Զենք, զինամթերք՝ ես սպասում էի, կարող էր իր տանը լինել: Բայց ինչ վերաբերում է մնացածին… անակնկալ էր, էլի:

– Ձեր կարծիքով՝ իր ինչի՞ն էին պետք այդ սնունդը, հիգիենայի պարագաները:

– Չգիտեմ, չեմ կարող ասել:

– Մանվել Գրիգորյանը, դիմելով պատգամավորներին, հորդորել էր, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տան, լիարժեք քննություն իրականացվի, ու ինքը հնարավորություն ունենա դատարանում ներկայացնել իրեն պաշտպանող փաստեր, մաքրի իր անունը: Ի՞նչ եք կարծում՝ այն ամենից հետո, ինչ մարդիկ տեսան ԱԱԾ-ի տարածած տեսանյութում, ի՞նչ հակափաստարկներով պետք է ինքնապաշտպանվի Մանվել Գրիգորյանը:

– Եթե ինքն ասել է, ուրեմն նշանակում է՝ ինչ-որ բան ունի ասելու: Թող ասի դատարանում:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս պատմության մեջ Մանվել Գրիգորյանն անմեղ դուրս գա:

– Չէ: Կասկածում եմ, քանի որ մենք մեր աչքով ենք տեսել, ուրիշի ասածով չենք լսել:

– Ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանն այս գործում միայնակ չէր կարող լինել, եւ այն, որ այս տարիների ընթացքում խոսվում էր «բանակը թալանելու» մասին, այդ թալանը միայն Մանվել Գրիգորյանին չի կարող մեղսագրվել: Ի՞նչ եք կարծում՝ այս գործում է՞լ ովքեր կարող են խառնված լինել:

– Ես քննիչ չեմ կամ էլ դատավոր չեմ, որ ասեմ` էլ ովքեր կարող են խառնված լինել: Բայց Մանվելը բանակից չի թալանել: Ամենը, ինչ տեսել ենք մենք, դա ապրիլյան քառօրյայից հետո բերված օգնություններն են: Ինքն ի՞նչ պաշտոն ուներ, որ բանակից թալաներ: Ստացել են` տարել են, էնտեղից հետ են բերել:

– Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ պաշտպանության փոխնախարար էր, նրա կինը` Նազիկ Ամիրյանը, տարիներ շարունակ եղել է «թիկունքի պետ»: Նաեւ, իբրեւ ԵԿՄ նախագահ, Մանվել Գրիգորյանը տարբեր կապերով կապված էր բանակի հետ, «զինվորի բաժին» մակագրությամբ այդ պահածոները… չէ՞ր կաող թալանել:

– Չեմ կարծում: Իր կինն իրենից շուտ է դուրս եկել բանակից: Ինքն էլ 2008 թվականից է դուրս եկել բանակից: Էս տասը տարիների ընթացքում դժվար թե կարողանար ինքը բանակից ինչ-որ մե՜ծ քանակությամբ բան տաներ:

– Իսկ մինչ ա՞յդ:

– Մինչ այդ, տասը տարի առաջ ի՞նչ պիտի տաներ: Կարողա՞ ավտոմատ, պուլիմյոտ, տանկ… (հեգնում է-Ն. Գ.):

– Իսկ այդքան զենքն ու զինամթերքն իրեն որտեղի՞ց:

– Այ, դա պիտի քննությունը պարզի. այդ զենքերը որտեղի՞ց են բերվել, ո՞վ է տվել:

– Ձեր կարծիքով՝ Մանվել Գրիգորյանով այս հարցը կփակվի՞, թե՞ նա շղթայի մեկ օղակն է միայն:

– Քննություն է գնում, քննությունը կպարզի` ո՞վ է տարել, ի՞նչ է տարել: Այնքա՜ն բան է դեռ ջրի երես դուրս գալու:

– Այդ ամենը կհասնի՞ Սեյրան Օհանյանին, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար էր, Սերժ Սարգսյանին, որ գերագույն գլխավոր հրամանատար էր:

– Չգիտեմ:

– Կարծում եք՝ Մովսես Հակոբյանը, Յուրի Խաչատուրովը, Հայկազ Բաղմանյանը եւ մնացյալը իրենց բաժին մեղքերը չունե՞ն, պետք է հանգիստ շարունակեն ապրել, ավելին` պաշտոնավարե՞լ:

– Ես ի՞նչ իմանամ: Քննություն է գնում: Քննությունը կպարզի: Ես տասը տարի է՝ բանակից դուրս եմ եկել, էդ մարդկանց հետ ոչ կապ ունեմ, ոչ էլ: Կարող է` մեկ-մեկ զանգենք իրար ծնունդ շնորհավորենք, կարող է` չզանգենք:

– Երեկ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը լրագրողներին ասում էր` ինչքան գեներալ ճանաչում եք, բոլորի անունները գրեք` տվեք քննչական մարմիններին, բոլորն էլ թալանչիներ են: Դուք էլ գեներալ եք:

– Ամեն մարդ իր կարծիքն է ասում: Սուվորովն էլ ասում էր, որ ամեն մի թիկունքայինի կարող եք գնդակահարել` առանց իսկ հարցաքննելու: Թիկունքում աշխատողները բոլորն էլ մարդիկ են, բանակին իրենք են սպասարկում: Կարող է մեկն էլ մի կիլոգրամ, մի բան տարած լինի: Մարդ է, մի բան տարել է ընտանիքը պահի…

– Դուք երկար տարիներ «թիկունքի պետ» եք եղել. Սուվորովի ասածը Ձեզ է՞լ է վերաբերում:

– Ոչ: Որովհետեւ մեր ժողովուրդը գիտի, մեր բանակը գիտի, մեր զինվորները գիտեն, թե ես ինչպես եմ կազմակերպել մատակարարումը:

– Մտավախություն չունե՞ք, որ հանկարծ ԱԱԾ-ն որոշի Ձեզ մոտ էլ ստուգումներ իրականացնել:

– Ես պատրաստ եմ: Ես տուն ունեմ, որտեղ ապրում եմ:

– Դա ձեր միա՞կ տունն է:

– Դա իմ տունն է:

– ԵԿՄ-ի լուծարման մասին հայտարարություններ են հնչում: Երեկ ամբողջ օրն էլ «Ազատամարտիկների դաշինքն» ու ԵԿՄ-ականները հանդիպել-քննարկել են. ի՞նչ պայմանավորվեցիք:

– Նախաձեռնող խումբ է ստեղծվել, որը նախապատրաստելու է արտահերթ համագումար: Չէ՞ որ ԵԿՄ-ում հազարավոր տղաներ կան` ազնիվ, մաքուր: Զոհված ազատամարտիկներ կան, վիրավորներ, կառույցը նրանց ընտանիքներով է զբաղվում: Ինչո՞ւ եք կապում այդ ամբողջ ԵԿՄ-ն մի մարդու հետ: Մի մարդու համար չի կարելի ամբողջ կազմակերպությանը մեղադրել կամ լուծարելու որոշում կայացնել:

– Մինչ այժմ Մանվել Գրիգորյանը ներկայացվում էր հերոս-ազատամարտիկ, այդպես է գրված նաեւ դասագրքերում: Նաեւ` մատաղ սերնդի դաստիարակության եւ բարոյականության հետ խնդիր ունենք: Այս ամենի տակից ինչպե՞ս ենք դուրս գալու:

– Պատմությունը խեղաթյուրված է լրիվ: Մենք նաեւ պայքարելու ենք, որ իրական պատմությունը ներկայացվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

21.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Համաձայն եմ Գագիկ Մելքոնյանի հետ
    «– Պատմությունը խեղաթյուրված է լրիվ: Մենք նաեւ պայքարելու ենք, որ իրական պատմությունը ներկայացվի»:
    Լինելով Մանվելի տեղակալն, որպես Էջմիածնի երկրապահի ջոկատի նախագահի տեղակալ,գիտեմ թե ինչպես է գրվել այս գրքերը:Այս սուտի գրողները ամեն օր Մանվելի ռեստորանում, որ առաջվա Արշալույս գյուղի ֆերմայի կթվորների հանգստատունն էր,երեկոյան գալիս էին իբր թե լսելու պատմություններ բայց,այդ սուտի գրողներն զբաղված էին հարբեցողությամբ:Իսկ առավոտյան ներկայացնում էին Մանվելին թե ինչ են գրելու:
    Այդ գողներին իրոք պետք է հանձնել ԱԱԾ-ին,վստահ եմ որ,նրանք այս անգամ կպատմեն ճշմարտությունն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930