Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաջորդ անգամ կմտածե՞ն, թե օգնելու իմաստ չկա, որովհետեւ միեւնույն է՝ ինչ էլ ուղարկենք՝ թալանելու են, տանեն իրենց տուն. «Հայկական ժամանակ»

Հունիս 21,2018 11:03

Հիշենք ապրիլյան մարտական գործողությունների օրերը։ Շատերիս համար անսպասելի էր ազգային միասնության այն դրսեւորումը, որ արձանագրվեց այդ օրերին։ Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում եւ թե աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայությունը շատ արագ մոբիլիզացվեց մեն միակ նպատակի շուրջ՝ կասեցնել ադրբեջանական բանակի առաջխաղացումը։ Այդ ռազմաճակատում կռվողների համար անհրաժեշտ տարատեսակ ապրանքների մեծ հոսք սկսվեց, ռազմական հանդերձանքից ու գիշերային տեսանելիության սարքերից սկսած մինչեւ հիգիենայի պարագաներ, վրաններ, քնապարկեր, հեռադիտակներ…։

Մանվել Գրիգորյանի «գզրոցներից» հանված ապրանքների տպավորիչ ցանկը, սակայն, առանց չափազանցության, իրավիճակ է փոխել։ Մարդկանց այսօր մի հարց է հետաքրքրում՝ իրենց ուղարկած ապրանքները հասե՞լ են արդյոք հասցեատիրոջը՝ սահմանում կռվողներին, թե՞ կուտակվել են Մանվել Գրիգորյանի նկուղներում։ Տեխնիկապես այդ հարցին հստակ պատասխանել չափազանց դժվար է, եթե չասենք՝ անհնարին։ Երեկ, օրինակ, պարզվեց, որ նույնիսկ Արցախ հասցված շուրջ 50 հազար դոլար արժողությամբ ապրանքների մի խմբաքանակ վերադարձվել ու կուտակվել է Մանվել Գրիգորյանի նկուղներում։ Այսինքն, գործել է հստակ մի մեխանիզմ ռազմաճակատի համար ուղարկված, նույնիսկ առաջնագիծ հասած ապրանքների յուրացման համար։ Ու այդ մեխանիզմի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ անձինք։

2016-ի ապրիլյան այդ օրերին արտասահմանից ուղարկված ապրանքների շարժի հստակ հետագիծը պարզել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ դրանք ներմուծվելս պաշտոնապես չեն արձանագրվել, քանի որ այդ դեպքում դրանք ենթարկվելու էին մաքսազերծման։ Ո՞ւմ են հանձնվել այդ ապրանքները, ինչպե՞ս են դրանք տեղաշարժվել, որտե՞ղ է այդ ամենը արձանագրվել՝ հիմա արդեն անհնար է պարզել։ Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ եւ բազմակողմանի քննության դեպքում իրավապահները դժվար թե կարողանան բացահայտել բոլոր ապրանքների ճակատագիրը եւ ամբողջական ու մանրամասն տեղեկատվություն հրապարակեն բոլոր ապրանքների մասին։ Ու արդյունքում, մասնավորապես՝ սփյուռքահայերի շրջանում խորը կասկածներ են մնալու, որ կոնկրետ իրենց ուղարկած թանկարժեք ռազմական կոշիկները ոչ թե հասել են սահմանում կռվող զինվորներին, այլ վաճառվել են Երեւանի որեւէ տոնավաճառում։

Եվ ուրեմն, ի՞նչ հետեւանքներ կունենան այդ խորը կասկածները։ Ինչպիսի՞ դրսեւորումներ կլինեն հետագայում, եթե նմանատիպ մի իրավիճակ ստեղծվի մեր սահմանին։ Արդյոք աշխարհասփյուռ հայությունը կրկին այդպես արագ կմոբիլիզացվի՞։ Ահա այս հարցն է, որին միանշանակ պատասխանել հնարավոր չէ։ Արդյոք սփյուռքը այնքա՞ն է հիասթափվել այս պատմությունից, որ հաջորդ անգամ, պատկերավոր ասած, կմտածի, թե օգնելու իմաստ չկա, որովհետեւ միեւնույն է՝ ինչ էլ ուղարկենք՝ թալանելու են, տանեն իրենց տուն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930