Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է լինելու մեր ներկա հեղափոխականների հետ, երբ նրանք ժողովրդի միջոցով օրինականացնելով իրենց իշխանությունը՝ կոռուպցիա փնտրելու փոխարեն կանցնեն պետության կառավարմանը. «Հայոց աշխարհ»

Հունիս 21,2018 11:01

Քանի որ անցած տասնամյակներում Հայաստանը գտնվում էր կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանում, որին հատուկ են հարստացման, մեղմ ասած, ոչ օրինական ձեւերը, ապա ո՛ւմ ասես կարելի է բռնել, եթե նա ինչ-որ հարստություն ունի եւ այդ ամենից ոգեւորված մեր նորօրյա սանկյուլոտները հոժարակամ կվազեն նոր իշխանությունների հետեւից ու կքվեարկեն նրանց օգտին։

Ուրեմն հարկավոր է նրանց ատելությունն ուղղել Հանրապետական կուսակցության դեմ ու հասնել նրա կազմալուծմանը կամ ինքնաչեզոքացմանը։ Այնուհետեւ կհայտնվի հաջորդ թիրախը, որն արդեն ֆեյսբուքյան մշակման է ենթարկվում։ Դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը, ինչպես հայտնի է, հավակնություն է հայտնել մեծամասնություն ձեռք բերել ապագա խորհրդարանում։

Բնականաբար սկիզբ առած հեղափոխական ահաբեկչության ֆեյսբուքյան գաղափարախոսները արդեն սկսել են հասկացնել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին, որ հարկավոր է շուտափույթ հրաժարվել քաղաքական հավակնություններից, քանզի հակառակ դեպքում նրան եւս կայցելեն դիմակավոր տղաները եւ անպայման կգտնեն ինչ-որ վարկաբեկիչ նյութեր, իրեր կամ կենդանիներ։ Դրանից հետո հեղափոխական ահաբեկչության ալիքը կուղղվի ավելի փոքր թիրախների կողմը, որոնք կարող են միավորվել գալիք ընտրապայքարի նախօրեին։

Հեղափոխական ահաբեկչության մթնոլորտում մարդկանց հետ կարելի է վարվել այնպես, ինչպես ցանկանում են նրա պատվիրատուները։ Իսկ նրանց, ովքեր կհամառեն իրենց պաշտոնները լքելու կամ էլ անհրաժեշտ խոստովանություններ տալու հարցում, կարելի է դարձնել ժողովրդական դատաստանի թիրախներ։ Ի վերջո, հեղափոխության պայմաններում ժողովուրդը միշտ էլ ճիշտ է, իսկ նրանից հետո կարեւորը իշխանության պահպանումն է։

Կարծում ենք, երկրի ներկա քաղաքական օրակարգի հիմնական հարցը այն չէ, թե քանի հոգի է բռնվելու առաջիկա նախընտրական ժամանակամիջոցում եւ քանի միլիոն է վերադարձվելու պետական գանձարան, այլ՝ ի՞նչ է լինելու մեր ներկա հեղափոխականների հետ, երբ նրանք ժողովրդի միջոցով օրինականացնելով իրենց իշխանությունը՝ կոռուպցիա փնտրելու փոխարեն կանցնեն պետության կառավարմանը։

Ի՞նչ են անելու նրանք, երբ հեղափոխությունը եւ նրա ֆեյսբուքյան շահարկումը կսկսի ձանձրացնել բոլորին, եւ մարդիկ կպահանջեն կարգ ու կանոն եւ իհարկե՝ աշխատանք ու աշխատավարձ, այսինքն՝ կցանկանան ունենալ բնականոն գործառույթներ իրականացնող պետություն։

Այս առումով միանգամայն պարզ է, որ երկրի գլուխ անցած ներկա «քննիչների բրիգադը» ընտրություններից հետո այլեւս անելիք չի ունենալու։ Նրան չեն հետաքրքրում անգամ հայտնի մասնագետները եւ երկրի բարեփոխման նրանց առաջարկած կոնկրետ ուղիները։ Այդ ամենը նույնպես ֆեյսբուքյան քարոզարշավի մի մասն է, ինչպես, օրինակ, նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ էլեկտրոնային եղանակով հաստատվող շփումները։

Բայց այն ժամանակ, երբ տեսարաններին ու սենսացիաներին վարժված մեր հանրության համար պարբերական ռեյդերը, հետապնդումները եւ դրանց հետեւանքով առգրավված արջերն ու վագրերը կամ դոլարների տրցակները այլեւս ձանձրալի առօրեականության կվերածվեն, ցնցաբուժության մեջ հայտնված մարդկանց ուշադրությունը կարող է ուղղվել այն իրողության վրա, որ տնտեսական բարեփոխումները տապալվել են, սոցիալական խնդիրները չեն լուծվել, մշակույթի զարգացման փոխարեն տեղի է ունենում նրա հետագա այլասերումը, իսկ գիտությունը, ինչպես միշտ, անուշադրության է մատնված։

Այս ամենը գալիս է վկայելու, որ ներկա իշխանական թիմի վազքը մինչեւ ընտրություններն ընկած ամիսներից այն կողմ չի անցնելու, քանի որ դրանից հետո նրանք կանգ են առնելու, որպեսզի կարողանան իրենց պաշտպանել տարակուսելուց հետո զայրացած եւ կրկին գիլիոտին պահանջող զանգվածից։

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակներից հայտնի ռոբեսպիերյան գիլիոտինը անխուսափելիորեն վերադառնում է, բայց այս անգամ ոչ թե հակահեղափոխականների, այլ հեղափոխականների գլխին իջնելու համար։ Ուստի ընտրություններից հետո, երբ բացասական կրքերը կհանդարտվեն, անխուսափելի կդառնա ոչ թե ձեռքերի, այլ ուղեղների հեղափոխությունը, որի առջեւ ոչ մի քաղաքական ռեժիմ ի վիճակի չէ Նման հեղափոխությունը քանդելու դյուրին խնդիրը փոխարինում է ստեղծելու, արարելու, հայտնագործելու գործառույթով, որը խորթ է բոլոր տեսակի ու գույնի հեղափոխականներին։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը`  Նարինե Կիրակոսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930