«Առավոտը» ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովայից հետաքրքրվեց, թե ո՞րն է իր սիրած անկյունը Երեւանում կամ Հայաստանում: «Ամուսնուս հետ միասին ունենք ոչ թե մեկ, այլ մի շարք նախընտրելի վայրեր, որոնք անմիջականորեն կապված են հայկական մշակութային եւ պատմական ժառանգության, ավանդական արհեստների եւ խոհանոցի հետ: Եթե պետք է միայն մեկը ընտրեմ, ապա ուզում եմ նշել տաղանդավոր հայազգի նկարիչ եւ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որն ուրախ եմ այցելել նորից ու նորից»:
Տիկին դեսպանը նաեւ նշեց, թե Հայաստանից հատկապես ինչ հուշանվերներ է տանում մտերիմներին, երբ մեկնում է Բուլղարիա: «Հին հայկական մշակույթի ինքնատիպության ամենաթանկ նմուշներից մեկը` տուֆ քարից խաչքարեր, վանակատից առարկաներ, ձեռքի աշխատանք հանդիսացող մետաքսե շալեր՝ բոլոր այս հուշանվերներն էլ հիանալի եւ միշտ բարձր գնահատականի են արժանացել այն մարդկանց կողմից, ում բախտ է վիճակվել նվիրել: Իմ հարազատները նույնպես ուրախ են ստանալ մի շիշ լավ հայկական կոնյակ, բայց այս նվերը, անկեղծ ասած, հավանաբար հուշանվերների շրջանակում չէ»,- ասաց Մարիա Պավլովա Ցոցորկովան:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
20.06.2018