Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող է փրկել Մանվել Գրիգորյանի անունը

Հունիս 21,2018 14:30

ԱԺ պատգամավորների առաջարկները՝ Մանվել Գրիգորյանին

Երեկ խորհրդարանը Մանվել Գրիգորյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց նրան ազատությունից զրկելուն: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը ԱԺ նախագահին ուղղված նամակում հայտնել էր, որ դեմ չէ, եթե իրեն զրկեն անձեռնմխելիությունից՝ վստահություն հայտնելով՝ «իմ անունը ես կվերականգնեմ»:
ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը Մանվել Գրիգորյանին ուղղություն ցույց տվեցին, թե ինչ կարող է անել իր անունը վերականգնելու համար: Զոհրաբյանն ասաց. «Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն եւ քաջություն ունենա: Կարծում եմ՝ հասկացաք ես ինչ նկատի ունեի»: Իսկ Սերգեյ Բագրատյանն ավելի կոնկրետացրեց՝ «Մանվելին չեն փրկի ո՛չ մուրճը, ո՛չ մեխը, ո՛չ նալը: Նրան կփրկի միայն պարանը»:

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մարդուն ինքնասպանության դրդելը քրեորեն պատժելի արարք է: «Առավոտի» հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ էին ինքնասպանության դրդում Մանվել Գրիգորյանին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի, մնացածը թողնում եմ Մանվել Գրիգորյանի խղճին ու տղամարդկությանը»:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մեր հարցին՝ ինչպե՞ս կարող է Մանվել Գրիգորյանը կատարվածից հետո մաքրել իր անունը, պատասխանեց. «Ամեն մարդ իր խղճին է նայում: Նաիրա Զոհրաբյանն ուզել է ասի, որ հանցագործության չափն այնքան խայտառակ է եւ աններելի, որ միայն Քրեական օրենսգրքով սահմանված պատիժները չեն, Աստծու առաջ էլ պարտավորություն ունի մարդ»: Հարցին՝ դա ինքնասպանության կոչ չէ՞ր, Մելքումյանը պատասխանեց, որ քաղաքական հայտարարություն էր. «Եկեք քաղաքական հայտարարությունները բան չանենք, եղել է քաղաքական ամբիոնից քաղաքական գնահատական, որ բացի Քրեական օրենսգրքի պատժից՝ Աստծու առաջ կա պատիժ: Մարդը հայտնվել է մի վիճակում, որը շատ լուրջ հակասության մեջ է հասարակության համակեցության կանոնների հետ, խոսքը սրա մասին է»:

Նա ասաց, որ անպատկերացնելի էր, որ Մանվել Գրիգորյանը նման արարքի կգնար. «Ես, որպես մարդ, ինքս իմ մեջ լրջագույն բաներ եմ ապրում, որ չեմ կարող վերարտադրել»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի խոսքով՝ որեւէ մեկը կոչ չի անում Մանվել Գրիգորյանին ինքնասպանության դիմել, պարզապես խոսել են սպայի պատվի մասին. «Դա հայտնի բանաձեւ է եւ կյանքում, մարդկության մեջ խիստ ընդունված: Ես կարծում եմ՝ մենք լրիվ ուրիշ դեպքի հետ գործ ունենք»: Արարատ Զուրաբյանը որեւէ հնարավորություն չի տեսնում, որ Մանվել Գրիգորյանը կարողանա վերականգնել իր անունը. «Ամբողջ հասարակությունը խիստ վրդովված է, որովհետեւ արարքներն իրոք ահավոր են: Կարող էին ինչ-որ բաներ մարդկանց կողմից արդարացվել, բայց այդ երեխաների նամակները տեսնելը, տեսնելը զինվորի սնունդը, դա երբեք դուրս չի գա մարդկանց հիշողությունից»:

Մենք զրուցեցինք այլ պատգամավորների հետ՝ պարզելու, թե ուրիշ ի՞նչ հնարավորություն են տեսնում, որ նա կարողանա փրկել իր անունը:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն ասաց. «Դատական պրոցեսը ցույց կտա: Ես չգիտեմ՝ կա՞ տարբերակ, թե՞ ոչ, ինքը կիմանա դրա մասին, երեւի ինքը փաստարկներ ունի, որ կներկայացնի: Հավանաբար ինքը ունի փաստարկներ, դատական պրոցեսին ցույց կտա: Ինքը ասել է՝ անձեռնմխելիությունից զրկեք, դիմեր, չդիմեր՝ մեր վերաբերմունքը դրանից չէր փոխվելու: Կա իրավիճակ, մենք հայտարարություն տարածել ենք եւ ինքներս ենք կողմ քվեարկել, որ գնա, ինքդ ապացուցիր: Եթե ցանկություն ունես՝ ապացուցիր, այստեղ ուրիշ բարդ բան չկա»:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարցին՝ ԱԱԾ-ի տարածած այդ տեսանյութից հետո, այն ամենից հետո, ինչ տեսանք, կա՞ հնարավորություն վերականգնելու իր բարի անունը, պատասխանեց. «Երանի լինի, էսքանից հետո կա բա՞ն՝ չգիտեմ, ուրեմն էդ ինչ մի հրաշք պիտի լինի, ինչ կոդային ռեբուս է, ինչ է, չգիտեմ… Իհարկե, երանի լինի, որովհետեւ ջախջախել, կացնահարել ծառին՝ ուրանալով իր անցած ճանապարհը Արցախի ազատամարտի ժամանակ, սիրուն չի ուղղակի, էլի: Չի կարելի օբյեկտիվ գոնե այդ մարդու արածները հերքել»: Հարցին՝ հիմա կասկածի տակ չի՞ անգամ դա, որովհետեւ թվում է, թե անգամ դա է միֆ, թվում է, թե նա միշտ էլ կռվի տարիներին զբաղված է եղել նրանով, ինչ տեսանք ԱԱԾ-ի բացահայտումներում, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, հա, ես ինքս կարող էի այդպես ընկալել, որ այդ ամեն ինչը միֆ է, բայց կան մարդիկ, որոնք ապրում են այսօր էդ տարածքներում, որոնք ինքն ազատագրել է իր ճակատով: Դրանից ավելի ռեալ փաստ չկա: Կան այդ մարդիկ, եւ դա զինվորները չեն, դա բանակ չի, որ սուբյեկտիվ լինի, հարգանք ունենան իրենց մարտական ընկերոջ հանդեպ ու շատ բաների վրա աչք փակեն: Չէ, դրանք սովորական մարդիկ են»:
Շուշան Պետրոսյանն ասաց, որ ինքն էլ ԱԱԾ-ի տեսագրությունը նայելուց հետո վատ ապրումներ է ունեցել. «Երկու օր հեկեկացել եմ, երկու օր տեղս չեմ գտել, անկեղծ եմ ասում: Ինձ մեծ ուժ էր պետք, որ այսօր ինձ հավաքեմ ու գամ աշխատանքի: Պետք է գայի, որովհետեւ գիտեի վճռականորեն՝ ինչ պիտի անեմ»: Մենք ճշտեցինք, այսինքն՝ անկախ ՀՀԿ խմբակցության որոշումից, դուք արդեն որոշե՞լ էիք՝ ոնց պիտի քվեարկեիք, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Այո, բայց պետք չի այդպես խոսել ՀՀԿ-ի մասին, որովհետեւ մենք բոլորս համակարծիք ենք այս հարցում, շատ շատերը իմ կուսակից գործընկերներից ինձ հետ աշխատել ու ծառայել են բանակի համար ու շատ ծանր են սա տարել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

20.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Խստագոյնս դատապարտելի են նման կոչերը՝ պարան եւ այլն: Կամ մի տեղ կարդացի՝ արջերի վանդակ նետել: Սա ձեր տան խոհանոցը չէ, այլ պետութեան խորհրդարանը եւ դուք էլ իբր թէ պատգամաւորներ էք:

    Մեղքը մեղքով չեն քաւում: Աստուած մարդուն ՄԻ՛ՇՏ հնարաւորութիւն է տալիս ուղղուելու: Քրէական օրէնսգրքով իրեն հասնող պատիժը կրելուց յետոյ, միգուցէ նա զղջայ եւ ապաշխարի: Ու այդ դէպքում ինձնից ձեզ խորհուրդ՝ ներե՛լ սովորէք: Ուժեղ մարդը պիտի կարողանայ ներել: Թոյլերն են, որ ներելու ընդունակ չեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930