Սկիզբը՝ այստեղ
Հայաստանն ու Արցախը փոխադարձ քաղաքական կուրսին աջակցություն են հայտնում
Վերջերս խորհրդարանում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը դիտարկում էր արել, թե տարօրինակ է, որ ՀՀ կառավարության ծրագրում մի մոտեցում է որդեգրված, որտեղ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. «Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, սադրանքների ու դիվերսիաների հետեւանքով խոչընդոտվել է բանակցային գործընթացը: Մեր քննադատական խոսքին միջազգային կառույցների կողմից անընդհատ ոչ ադեկվատ պատասխաններ են հնչել. կողմերին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել եւ իրենց գործողություններով չլարել իրավիճակը: Տարօրինակ է, որ կառավարության այսօրվա ծրագրի 3-րդ գլխի 2-րդ պարբերության մեջ գրեթե նույն մոտեցումն է որդեգրված, այսինքն՝ կողմերին է կոչ արվում՝ ասես հավասարության վրա է դրվում հայկական կողմի ու Ադրբեջանի միջեւ»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վերջերս օտարերկրյա մի դիվանագետի հետ հանդիպմանը վերջինս նշել էր, որ ՀՀ-ում քաղաքական զարգացումները լավ առիթ են, որ ՀՀ հանրությանը պատրաստենք խաղաղության. «Ես ասացի՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի հանրությանը ձեր նշած տրամաբանության մեջ պատրաստենք խաղաղության, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը իր հանրությանը պատրաստում է պատերազմի: Եթե մենք այդ պայմաններում մեր հանրությանը պատրաստենք խաղաղության, նշանակում է մեր հանրությանը պատրաստում ենք պարտության: Մենք նման բանի չենք գնա: Եթե միջազգային հանրությունն ուզում է, որ այդ պրոցեսը տեղի ունենա Հայաստանում, պետք է այնպես անի, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանում: Մենք շատ ու շատ պետք է մեր դիրքորոշումն ագրեսիվացնենք, որ հասնենք Ադրբեջանին»,- նշեց Փաշինյանը: Ապա ընդգծեց, որ Հայաստանը կլինի կառուցողական, բայց իր ադեկվատությունը չի կորցնի. «Երբ Ադրբեջանը սպառնում է մեզ, մենք հայտարարենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, դա ճիշտ մոտեցում չէ: Եթե դիմացինը պատրաստվում է պատերազմի, մենք էլ դրան պետք է պատրաստվենք: Մենք չենք պատրաստվում պարտության: Մենք մեր հանրությանը պատրաստում ենք հետագա հաղթանակների: Եթե հակառակորդը ցույց կտա, որ պատրաստվում է խաղաղության, մենք էլ կպատրաստվենք խաղաղության»:
Բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու առումով կարծես պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համանախագահների՝ Երեւան կատարած այցի շրջանակներում: Բայց կարեւոր է, թե այդ շարունակականությունն ինչպես է ընթանալու: Ակնհայտ է, որ Բաքուն հայկական նոր կառավարությանը հոգեբանորեն ճնշելու քաղաքականություն է վարում:
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր մեկնել Մոսկվա՝ այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցեց երկրի պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի զորամասի բացմանը: Ադրբեջանական գործակալություններն այդ օրերին հաղորդում էին, որ երկրի ՊՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում երեւացել էին բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Դեռ ապրիլին ռուսաստանյան «Կոմերսանտը» տեղեկացրել էր, որ 2018թ. Բելառուսը պատրաստվում է անցնել 10 հատ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագրի իրականացմանը, եւ որ համակարգի հնարավոր պատվիրատու էր նշվում Ադրբեջանը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը 2017-ին այցելել է Մինսկ, որտեղ ծանոթացել է համակարգերի արտադրման տեխնոլոգիային: Ալիեւին ներկայացվել էին նաեւ իսրայելական Israel Aircraft Industries-ի արտադրության LOng-Range Artillery Missile-LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները: Դրանք օգտագործվում են ենթակառուցվածքների բաղադրիչների եւ ՀՕՊ մարտկոցների խոցման համար: Համալիրի չորս հրթիռներից յուրաքանչյուրի քաշը 1,7 տոննա է, թռիչքի հեռավորությունը՝ 400 կիլոմետր, թռիչքի բարձրությունը՝ 45 կիլոմետր, կառավարման համակարգը՝ GPS, ճշգրտությունը՝ 10 մետր:
Մոսկվան էլ, ի դեպ, վերջին օրերին սկսել է Հայաստան-Ադրբեջան հաշտեցման վերաբերյալ թափանցիկ ակնարկներ անել: Օրերս ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան խոսել է «բարենպաստ մթնոլորտի ստեղծման» մասին՝ հավելելով, որ դա նպաստում է բանակցային գործընթացի առաջընթացին եւ հակամարտության լուծման կարեւոր գրավական է: Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվայի դերին՝ Զախարովան ասել է, որ Մոսկվան առավելագույն կերպով անում է ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվի. «Ինչո՞ւ: Դուք դա հիանալի գիտեք: Նախ՝ մենք ցանկանում ենք, որպեսզի երկու ժողովուրդները, ի վերջո, կարգավորեն այդ արյունալի խնդիրը, երկրորդ՝ որովհետեւ մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ, եւ որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը զարգացնեն իրենց հարաբերությունները: Ինձ թվում է, որ մեր եւ Ձեր խնդիրն է մոտեցնել կարգավորման պահը, ոչ թե հեռացնել այն»:
Մոսկովյան այցից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես մեկնեց Արցախ: Մոսկովյան այցը, գոնե հրապարակային հայտարարությունների առումով, ԼՂ խնդրին չառնչվեց, սակայն Հայաստանի վարչապետի կողմից իր պաշտոնավարումից սկսած արդեն երկրորդ այցը Արցախ թերեւս նշանակում է, որ Արցախը Հայաստանի ուշադրության ներքո է՝ առավել քան երբեւէ:
Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել էր Արցախի արեւելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Նրանց էին ներկայացվել ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Նույն օրը Արցախի նախագահի նստավայրում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը՝ երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Փաշինյանը շնորհավորել էր Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ ողջունում ու կարեւորում է իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը: «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսը»,- ասել էր Փաշինյանը: Նա Արցախի նախագահի հետ այցելել էր Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի էր ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել էին Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հատկանշական է, որ ի պատասխան՝ Ստեփանակերտն էլ իր քայլն արեց: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին նամակ հղեց Նիկոլ Փաշինյանին, որում շնորհակալություն էր հայտնել Փաշինյանին հունիսի 16-17-ը Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար եւ «շատ կարեւոր ու բովանդակալից» էր գնահատել տեղի ունեցած քննարկումները: «Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարեւորում եք իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի նախագահի պատրաստակամությունը»,- նշել էր ԼՂ նախագահը: Համոզմունք հայտնելով, որ «այսուհետ եւս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը»՝ Բակո Սահակյանը նաեւ ընդգծել էր, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ինքը «անվերապահորեն» սատարում են «Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը»:
Նշենք, որ հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր տեղադրել ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա նստած էր ռուսական հձ-31CM կործանիչի օդաչուի խցիկում: Փաշինյանը գրել էր. «ՍՈՒ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երեւանում եմ»: Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը: Այդ կերպ նրանք փորձել էին հերքել հայաստանյան ԶԼՄ-ների տեղեկությունները, թե հայկական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարում Ստեփանակերտի օդային տարածքում: «Հատուկ տեխնիկական միջոցներով հունիսի 16-ին եւ 17-ին արված Խոջալուի օդանավակայանի լուսանկարներում ու տեսանյութերում որեւէ կործանիչ չի երեւում: Թռիչքուղու մոտ գտնվում են մեկ L-39 ուսումնական ինքնաթիռ, ուսումնավարժական երկու շՍ-52 եւ մեկ զբոսաշրջային, թեթեւ CH-701 ինքնաթիռ, ինչպես նաեւ ԾՌ-8 տիպի հին ուղղաթիռ, որը երկար ժամանակ թռիչքներ չի կատարել»,- ըստ «Ազատության»՝ Ստեփանակերտի օդանավակայանի մասին հաղորդել էր Ադրբեջանի ՊՆ-ն:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Սկիզբը՝ այստեղ
«Առավոտ», 20.06.2018