Հալաբյան 9 հասցեի բնակիչներն ութ տարի շարունակ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարության առաջ նույն խնդիրն են բարձրացրել: Կոյուղու հարցն այս շենքում ապրողների համար իսկական գլխացավանք է դարձել: Ի պատասխան լսել են` փող չկա:
Ասում են` տպավորություն է, թե կոյուղու մեջ են ապրում: Հատկապես ծայրահեղ վատ վիճակում է 6-րդ մուտքի կոյուղատար համակարգը: Շենքի առաջին հարկից մինչեւ վերջին հարկը գարշահոտ է: Կոյուղատար խողովակները խորհրդային ժամանակներից են, փտած, 5-6 տեղից վնասված: Կեղտաջրերը տարիներ ի վեր շենքի տակ են լցվում` խարխլելով շենքի հիմքերը: Բնակիչների խոսքով՝ շքամուտքը խոնավությունից տեղ-տեղ փոս է ընկել, աստիճանները վնասվել, քանդվել: Կեղտաջրերն իրենց շուրջը բազմատեսակ ու բազմաքանակ միջատներ են հավաքել: Նրանց դեմ պայքարն էլ բնակիչների համար լրացուցիչ հոգս ու ծախս է դարձել. վերեւից ներքեւ աղտահանում են ու միջատասպան նյութեր փչում, որպեսզի դրանց մուտքը բնակարաններ փոքր-ինչ պակասեցնեն: Կոյուղաջրերն այնքան են հավաքվել, որ սկսել են դիտահորից դուրս գալ ու փողոց լցվել:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում բնակիչներն են պատմում, ութ տարի պայքարից հետո մոտ 20 օր առաջ հարցը վերջապես մասնակի լուծում է ստացել: Համատիրության ջանքերով շենքի մուտքից բակ տանող հատվածի խողովակը, որը ամենավնասված հատվածներից է եղել, փոխվել է, սակայն փոսը լիցք անել չի ստացվում, կեղտաջրերը դուրս են եկել ու հենց բակում ճահճացել: Բացի այն, որ ամռան շոգին այս իրավիճակն անտանելի ու հակասանիտարական է, քանդված ու չփակված փոսը խիստ վտանգավոր է բակի բնակիչների համար: Այն անմիջապես շքամուտքի առաջ է: Բնակիչների խոսքով՝ շենքում մեծահասակներ, փոքրիկներ են ապրում, որոնք դժվարությամբ են շրջանցում փոսը: Այն արդեն երկու շաբաթից ավելի է՝ այդպես բաց է: Ջրահեռացման աշխատանքները կատարելուց հետո միայն հնարավոր կլինի փոսալցում անել, ինչը, սակայն, համատիրության տիրույթում չէ: Այդ աշխատանքների համար հատուկ տեխնիկա է անհրաժեշտ:
Համատիրությունն ու վարչական շրջանի պատասխանատուները դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի կեղտաջրերն այդ հատվածից հեռացնի: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Աջափնյակ համայնքի վարչական շրջանի կոմունալ բաժնի ղեկավար Ռոման Ալոյանը: Մեզ հետ զրույցում պարոն Ալոյանը բնակիչներին հորդորեց մեկ-երկու օր էլ սպասել, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում, սակայն խոստացել է խնդիրը լուծել:
«Խոստացել են, որ գան, խցանումը բացեն, որ ջրերը հետ քաշվեն, որպեսզի համատիրությունը փոսալցումն ու բետոնապատման աշխատանքներն անի:
Այդ ջուրը խանգարում է: Այդ հատվածը բավական դժվարությամբ քանդեցին, կաբելներ դուրս եկան: Քանդել են, շենքից մինչեւ դիտահոր տանող հատվածի կոյուղագիծը փոխել են: Այդ հատվածը համատիրությունն է սպասարկում, մագիստրալը` «Վեոլիա ջուր»-ը»,- ասաց կոմունալ բաժնի ղեկավարը: Նրա խոսքով՝ փոսալցումն ու բետոնապատումն անելուց մի քանի օր հետո էլ, երբ հողը նստած կլինի, տարածքը կասֆալտապատվի. «Բնակիչները թող ներողամիտ լինեն, մեկ-երկու օրից խնդիրը կլուծվի, կարեւորը հարցը վերջնական լուծում ստանա: Ասֆալտապատումն էլ վարչական շրջանի կողմից մենք կկազմակերպենք` բակային ասֆալտապատման ծրագրի շրջանակներում»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
20.06.2018