Ո՞վ կմտածեր, որ տասնյակ տարիներ կանցնեն,
իսկ գործը դեռ դատարաններում է, ըստ էության լուծում չի գտել
Փաստաբան Վարդան Առաքելյանը (լուսանկարում) Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայացնում է Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանների շահերը: Հակոբյանները ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալուց հետո խնդիրներ ունեցան Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան հետ:
Հայցվոր դեսպանատունը դիմել էր դատարան` Հակոբյաններին տրված իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջով:
Փաստաբան-ներկայացուցիչ Վ.Առաքելյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանը նոտար Էմմա Շաբոյանին ճանաչել էր որպես երրորդ անձ, իսկ իրենք միջնորդել էին, որպեսզի պատասխանող ճանաչվի նոտարական գրասենյակը, քանի որ նոտարն այլեւս չի աշխատում: Նոտարի մոտ իրենց մոր մահվանից հետո ներկայացած քույր եւ եղբայրը գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգել են Այգեստան 9-րդ փողոցի 2 ա հասցեն:
Հակոբյանները դիմել են անշարժ գույքի պետական կոմիտե, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիմքով տվյալ հասցեի հողամասի նկատմամբ ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքով:
Հակոբյանների փաստաբան-ներկայացուցիչն ասում է, որ դատարանը գործունեությունը դադարեցրած նոտարի փոխարեն որեւէ մեկին չի ներգրավել գործի քննությանը, ինչը նշանակում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը հակասության մեջ է մտել ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2015թ կայացրած նախադեպային մի որոշման հետ, համաձայն որի «գործունեությունը դադարեցրած նոտարների մասով պատշաճ պատասխանող է հանդիսանում նոտարական պալատը, իսկ գործը պետք է քննվեր ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով»:
Այս գործով խոսքը տվյալ տան նկատմամբ 371.3 քմ մակերեսով հողամասի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման մասին է, եւ որ վիճելի հողամասը Հակոբյանների մոր մահվանից հետո մինչ օրս շարունակել է հաշվառված մնալ նրանց ծնողների անվամբ: Հետեւաբար, առանց Ալբերտի ու Անահիտի այն չի կարող օգտագործվել որեւէ այլ անձի կողմից, առանց նրանց համաձայնության:Ի դեպ, ԻԻՀ դեսպանատունը հաշտության պայմանագիր էր առաջարկել.
«Դատարանը չի արձանագրել, որ գործի քննության ընթացքում երկարատեւ բանակցությունները նախաձեռնել է հենց ԻԻՀ դեսպանատունը, ովքեր պատրաստակամ են եղել դադարեցնելու պատասխանողների սեփականության իրավունքը նշված հողամասի նկատմամբ, այդպիսով, ընդունելով այն փաստական հանգամանքը, որը հողամասի նկատմամբ սեփականատիրական իրավունքի որեւէ հավակնություն չի կարող ունենալ»:
Պատասխանող Հակոբյաններին առաջարկվել է 65 000 դոլար`130 000 դոլարի փոխարեն: Մեկ քմ-ն հաշվել են 330 դոլար: Ըստ ներկայացուցչի, տպավորությունը կարծես այն է, որ հայցվորը փորձում է տիրանալ ամբողջին:
Փաստաբանը գտնում էր նաեւ, որ այդ գործը պետք է քններ վարչական դատարանը, այլ ոչ թե ընդհանուր իրավասության դատարանը: Ինչը նշանակում է, որ անցյալ տարվա ապրիլի 10-ին կայացված դատական ակտը նյութական եւ դատավարական իրավունքների խախտմամբ է ընդունվել եւ այն պետք է բեկանվի կամ`կարճվի:
Հայցվորը ըստ էության շահագրգիռ անձ չի հանդիսանում, քանի որ որեւէ հավակնություն հողի նկատմամբ չի կարող ունենալ հայրենի օրենսդրության համաձայն:Իսկ վճռաբեկ դատարանն էլ այս կապակցությամբ փաստել էր հետեւյալը. «Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացրած որեւէ քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը:Հայցվորը պետք է հիմնավորի, թե իր որ իրավունքներն են իրականում խախտվել եւ ինչ անբարենպաստ հետեւանքների են հանգեցրել այդ իրավունքները»:
Դա նշանակում է, որ պատասխանող Հակոբյանների՝ իրենց հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը չի կարող բերել հայցվոր դեսպանատան օգտագործման իրավունքի կորստին, չի կարող առնչվել նրա շահերին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
20.06.2018