Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետին բաց նամակով դիմել է «Մարտի 1-ի գործով» դատապարտված գեներալի որդին

Հունիս 21,2018 13:00

Հարգելի պարոն վարչապետ, խնդրանքով Ձեզ է դիմում ՀՀ 10-րդ վարչության հիմնադիր-ղեկավար, գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի ընտանիքը՝ ի դեմս ավագ որդի Վահե Ղազարյանի:
Ուզում եմ տեղեկացնել հարգարժան վարչապետին, թե ինչպիսի հալածանքների եւ քաղաքական հետապնդումների միջով է անցել մեր ընտանիքը շուրջ քսան տարի: Բանն այն է, որ երբ հայրս՝ գեներալ Ռ. Ղազարյանը, 1998թ.-ին գործող ռեժիմի ճնշման ներքո հեռացավ հայրենիքից, դրանից հետո սկսվեցին հետապնդումները մեր ընտանիքի նկատմամբ: Մայրս, ով 25 տարի աշխատել է Շենգավիթի շրջանի ներքին գործերի բաժնում եւ եղել է որպես առաջատար մասնագետ, առանց որեւէ պատճառի, միայն նրա համար, որ հանդիսանում էր գեներալ Ռ. Ղազարյանի կինը, վերադաս մարմինների ճնշման ներքո ազատվեց աշխատանքից: Կրտսեր եղբայրս՝ Վահագն Ղազարյանը, նույնպես դարձավ այդ հետապնդման զոհը: Քանի որ սովորում էր ոստիկանության ակադեմիայում, շուրջ 11 տարի չէր կարողանում ստանալ պետական դիպլոմը՝ սպայի աստիճանով, որը 2001թ.-ին ավարտելով, վերջապես ստացավ 2012թ.-ին: Իսկ ես՝ Վահե Ղազարյանս, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված կեղծ եւ շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվեցի 4 տարի 6 ամիս ազատազրկման եւ ազատ արձակվեցի միայն Համաներման շնորհիվ:

Ուզում եմ հայտնել, թե իրականում գործող ռեժիմը ինչի համար դատապարտեց ինձ:

Շենգավիթ համայնքի թիվ 144 միջնակարգ դպրոցում մենք կարողացանք 2008թ. այդ դժվար եւ դաժան օրերին տանել փայլուն հաղթանակ, որն էլ հանդիսացավ իմ ձերբակալման պատճառը: Իսկ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ ինձ ապօրինի դատապարտեցին, այդ ժամանակից ի վեր քաղաքական հետապնդումն ավելի սաստկացավ եւ բոլոր դռները փակվեցին մեր ընտանիքի առջեւ: Սակայն այս բոլոր հալածանքները բավարար չէին գործող ռեժիմի համար: Քանի որ արդեն 3 տարի է՝ քաղաքացիական գործի շրջանակում դատարաններում է գտնվում մեր ընտանիքի բոլոր անդամներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան գործը: Շուրջ 3 տարի ձգձգվող քաղաքացիական դատավարությունից հետո Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը, խախտելով եւ ոտնահարելով թե՛ ՀՀ սահմանադրությունը, թե՛ Քաղօրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, ոտնահարելով օրենքը՝ կայացրել է արդարադատությանը հակասող եւ ակնհայտ կողմնակալ վճիռ, որը կարդալուց թվում է, թե վճիռը գրվել է հայցվորի փաստաբանի կողմից, այլ ոչ թե դատավորի: Այսինքն, դատավոր Հ. Շահնազարյանը իր կողմից կայացրած անարդար եւ ակնհայտ կողմնակալ վճռով տան օրինական սեփականատերերին եւ Ռ. Ղազարյանի օրինական ժառանգներին զրկել է իրենց սեփականությունից եւ օրինական կերպով ստացած ժառանգությունից՝ տունը տալով մի մարդու, ով ոչ մի փաստաթուղթ չունի վերաբերելի մեր սեփականությանը: Դատավոր Հ. Շահնազարյանը մեր ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող տունը տվել է մի մարդու, ով հանդես գալով իմ լուսահոգի հոր՝ գեներալ Ղազարյանի անունից, դատական նիստի ժամանակ հենց դատավոր Հ. Շահնազարյանի կողմից ուղղված այն հարցին, թե տունը ինչից ելնելով եք համարում ձերը, պատասխանեց, որ իբր հայրս բառացի նվիրել է իրեն, որը համարում եմ անհեթեթություն: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում նման գործողությունները կատարվում են օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե բառացի՝ բանավոր: Եվ եւս մի կարեւոր հանգամանք. հայրս, լինելով կոչումով գեներալ- մայոր, իսկ մասնագիտությամբ պրոֆեսիոնալ իրավաբան, ով կատարյալ տիրապետում էր թե ՀՀ քրեական, թե քաղաքացիական օրենսգրքերին, քաջ գիտակցելով, որ տունը չի պատկանում միայն իրեն, այլ իրեն է պատկանում միայն 1/4 մասով, չէր կարող բառացի՝ «բանավոր» ամբողջ տունը նվիրել ոմն մեկին:

Իսկ վերաքննիչ դատարանի դատավորներ Գ. Խանդանյանի, Հ. Ենոքյանի եւ Ս. Թորոսյանի կայացրած ապօրինի եւ կողմնակալ վճռով նրանք նույնպես հաստատեցին առաջին ատյանի կողմից կայացրած ապօրինի եւ հակասահմանադրական վճիռը: Այդ ամենը վկայում է նաեւ այն մասին, որ դատարանները իրենց կայացրած այս ապօրինի վճռով հաստատեցին այն կարեւոր հանգամանքը, որ իրենք կատարում են պատվեր եւ ծառայում են ռեժիմին: Քանի որ ՀՀ-ում դատավոր նշանակվում է ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարի կողմից եւ նրանք լինելով անկողմնակալ մարմին, պետք է կայացնեն արդարացի վճիռներ ՀՀ Սահմանադրության համաձայն: Նշենք նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ քաղաքացիական դատավարության ընթացքում հակառակ կողմը դատարան է ներկայացրել կեղծ ապացույցներ եւ վկաներ, ովքեր տվել են ակնհայտ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, ինչն էլ հենց բացահայտվել է քաղ. դատավարության ընթացքում մեր կողմից դատարան ներկայացված անհերքելի ապացույցներով: Մեր ընտանիքի գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան եւ գտնվում է դատավոր Սուրեն Անտոնյանի վարույթում: Մեր ընտանիքը հավատում է, որ արդարությունը անպայման կհաղթանակի, քանի որ Վճռաբեկ դատարանի նախադեպերում նման գործ մինչ օրս չի եղել եւ չի էլ կարող լինել: Մեր ընտանիքը չի ցանկանա, որ նման գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ այս ամենը պատիվ չի բերի Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ Եվրոպական դատարանն առանց կասկածի կկայացնի արդարացի որոշում եւ մեր տունը կվերադարձնի մեզ՝ օրինական սեփականատերերին: Եվ մեծ ցավով կուզենայի նշել, որ եթե նման անօրինականությունները շարունակվեն, ապա մեր ընտանիքին այլ քայլ չի մնում, քան լքել Հայաստանի Հանրապետությունը եւ քաղաքական ապաստան խնդրել օտարերկրյա պետություններից, որը պատիվ չի բերի Հայաստանին: Քանի որ չի կարելի մեր ընտանիքի պես ընտանիքից, այն էլ նման սանձարձակ կերպով ուղղակի խլել ընտանիքի 4 անդամներին սեփականության իրավունքով պատկանող տունը: Եվ եւս մի կարեւոր հանգամանք. մեր ընտանիքի կողմից առայժմ չենք նշում այն մարդկանց անունները, ում անմիջական միջամտությամբ կայացվել է նման անարդարացի վճիռ:
Մեծարգո պարոն վարչապետ, կուզենայի հպարտորեն ավելացնել, որ մենք այն միակ ընտանիքն ենք ՀՀ-ում, ով մեր ազգի ամենաթանկ թանգարանը հանդիսացող Եռաբլուր զինվորական պանթեոնում մեկ օջախից երեք հերոս ունի՝ հայրս, հորեղբայրս եւ եղբայրս… Շատ ցավալի է, որ այս անչափ կարեւոր հանգամանքը հաշվի չի առնվում եւ մեր ընտանիքը արդեն 20 տարի է՝ դարձել է քաղաքական հետապնդման զոհ: Նշենք նաեւ, որ մեր գործին ծանոթ են բազմաթիվ պրոֆեսիոնալ իրավաբաններ եւ բոլորի խորին համոզմամբ՝ այս ամենն ուղղակի ապտակ է ՀՀ իրավական համակարգին:
Մեր ընտանիքի կողմից Բաղրամյան- 26 է ներկայացվել գործին վերաբերող բոլոր նյութերը գործի արդարացի լուծման համար, բայց ոչ մի արդարացի հանգուցալուծման չի արժանացել պատկան մարմինների կողմից:

Մեծարգո պարոն վարչապետ, Վճռաբեկ դատարանը մեր տան գործով վճիռը կկայացնի մոտակա մեկ ամսվա ընթացքում, ուստի խնդրում ենք Ձեր անմիջական վերահսկողությունը գործի արդարացի լուծման համար, վստահ լինելով, որ Դուք որպես ժողովրդի ընտրյալ եւ արդարադատության կողմնակից, երբեք թույլ չեք տա, որպեսզի անարդարությունը հաղթանակի:
Անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքին:

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

20.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alina says:

    Հարգելի պարոն Ղազարյան ուշի ուշով ընթերցեցի Ձեր նամակը ու համոզված եմ,որ դրական լուծում կտա մեր հարգարժան վարչապետը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930