Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ողջունում ենք ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու՝ հայերի կամքը»

Հունիս 21,2018 12:30

Հարցազրույց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովայի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը:

– Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել ընդգծելու մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամուր արմատները եւ պինդ հիմքը: Մեր հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ երբ շփվում եմ հասարակ հայ քաղաքացիների հետ, նրանց առաջին արձագանքն իմանալով, որ ես Բուլղարիայի դեսպանն եմ, չափազանց ջերմ ու բարյացակամ է: Պատմության, մշակույթի եւ ավանդույթների նմանությունները ստեղծում են մի բնական միջավայր՝ երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համար: Այդ իսկ պատճառով, մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի հարուստ եւ բազմակողմանի են, քան ցանկացած երկու երկրների միջեւ գոյություն ունեցող պաշտոնական հարաբերությունները: Նրանց առաջընթացին նաեւ նպաստում են երկու ժողովուրդների միջեւ բնական ընթացող կապերի զագացումը, որոնք իրականացվում են հասարակական կազմակերպությունների, մշակութային եւ կրթական հաստատությունների, ինչպես նաեւ զուտ մարդկային անձնական շփումների միջոցով, որոնք թույլ են տալիս պահպանել եւ ավելի զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները արդի ժամանակաշրջանում:

– Ի՞նչ նոր հեռանկարներ կարող են բացվել երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման առումով՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական նոր իրողություններից հետո:

– Որպես Եվրամիության խորհրդում ներկայիս նախագահությունը ստանձնած երկիր՝ Բուլղարիան, դրական է գնահատում, որ քաղաքական փոփոխությունները կատարվել են հանդուրժողականության եւ սահմանադրականորեն հաստատված ժողովրդավարական ընթացակարգերի պահպանման պայմաններում: Մենք ողջունում ենք ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու կամքը, որը դրսեւորվել է հայերի եւ հատկապես հայ երիտասարդների կողմից, եւ շարունակում ենք ուշադրությամբ հետեւել Հայաստանի քաղաքական գործընթացներին: Մենք աջակցում ենք նորաստեղծ կառավարության ջանքերին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում: Մենք հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետության բարեփոխումների գործընթացում քաղաքական կայունության պահպանումը եւ հետագա առաջընթացը կնպաստեն Բուլղարիայի եւ Եվրոպայի համար կարեւոր Կովկասյան տարածաշրջանում կայունությանը եւ բարգավաճմանը: Մենք հավատում ենք, որ ԵՄ-ի եւ ՀՀ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասնակի ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Բուլղարիայի հետ հարաբերությունների խթանման գործում: Ուրախ ենք, որ ԵՄ խորհրդում ներկայիս նախագահող Բուլղարիան հանդիսանում է առաջին անդամ պետություններից մեկը, որ վավերացրել են այդ համաձայնագիրը:

– Ինչպիսի՞ն է հայկական համայնքի դերակատարությունը հայ-բուլղարական հարաբերությունների համատեքստում:

– Բուլղարիայի հայ համայնքը կենդանի կամուրջ ու մի յուրօրինակ «տրանսմիսիա» է մեր երկկողմ հարաբերություններում: Հայկական սփյուռքը լիովին ինտեգրված է եւ բուլղարական հասարակության անբաժանելի մասն է կազմում: Բուլղարական հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ տնտեսագիտություն, մշակույթ, կրթություն, գիտություն, բանկային գործ, կան շատ հայտնի հայեր: Միեւնույն ժամանակ, Բուլղարիայի հայերը պահպանել են իրենց ազգային ինքնությունը, նրանց մեծամասնությունը շարունակում է պահպանել կապերը Հայաստանի հետ եւ պարբերաբար այցելություններ կատարել: Նրանք ստեղծել են բազմաթիվ կազմակերպություններ, եկեղեցիներ եւ դպրոցներ: Ճանաչելով Բուլղարիայում հայ համայնքի շատ ներկայացուցիչների՝ կարող եմ վստահորեն ասել, որ Բուլղարիայում նրանք հանգիստ եւ ապահով են զգում: Նրանցից ամենաակտիվները նպաստում են երկկողմ համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը, հատկապես մշակութային, կրթության, առեւտրի եւ տնտեսական կապերի ոլորտներում:

– Ձեր գնահատմամբ, ի՞նչ ընդհանրություններ եւ առանձնահատկություններ ունեն Բուլղարիան եւ Հայաստանը, բուլղար եւ հայ ժողովուրդները:

– Մի շարք նմանություններ կան բուլղար եւ հայ ժողովրդի պատմության, ավանդույթների, ապրելակերպի, կենցաղի եւ մշակույթի մեջ: ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահության շրջանակում ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունը իրականացրել է մի միջոցառում, որի ժամանակ հրավիրվել էին երկու հայտնի բուլղարացի պատմաբաններ, որոնք իրենց ելույթներում հայ հասարակության առջեւ ներկայացրեցին կոնկրետ փաստեր, ցույց տալով, որ փոխգործակցությունը եւ կապերը Հայաստանի ու Բուլղարիայի միջեւ սկիզբ են առնում դեռեւս միջնադարից: Երկու ժողովուրդներն էլ փոխադարձաբար աջակցել են միմյանց դարերի ընթացքում. Բալկանյան պատերազմների ընթացքում հայերը կռվել են Բուլղարիայի ազատագրման համար: Հիշենք այդ ժամանակներում առավել նշանավոր գործիչ գեներալ Անդրանիկ Օզանյանին, որը ճանաչված է որպես հերոս թե՛ բուլղարացիների, թե՛ հայերի մոտ: Բուլղարացիները նաեւ օգնել են հայերին՝ տալով նրանց ապաստան՝ 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբին՝ հայ ժողովրդի համար կրիտիկական ժամանակահատվածում:

– Որո՞նք են այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ կարելի էր ավելի սերտ համագործակցություն ունենալ:

– Իմ կարծիքով, մեր երկկողմ համագործակցությունը զարգանում է դինամիկ եւ բարձր մակարդակի վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Այս առումով ես հատկապես կկարեւորեի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում: Իմ կարծիքով, մենք դեռեւս չենք կարող խոսել առեւտրային եւ տնտեսական ոլորտում ներուժի լիարժեք իրագործման մասին: Հուսով ենք, որ հետագայում էլ շարունակելու ենք Հայաստանում մեր գործընկեր հաստատությունների նոր ղեկավարության հետ շահավետ շփումները, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն համագործակցության խորացմանը: Հատկապես կցանկանայի նշել Բուլղարիայի կողմից Հայաստանին աջակցելու ջանքերը՝ Բուլղարիայի պաշտոնական զարգացման աջակցության միջոցով: Ուրախ ենք, որ մեր կողմից տրամադրված օգնությունը վայելում է հայկական հաստատությունների ճանաչումն ու երախտագիտությունը:

-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

– Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղություն եւ որ հասնի բարգավաճման եւ ժողովրդավարական ապագայի իր բոլոր բարձր ձգտումներին, որ հպարտանա իր ուշագրավ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ իր փայլուն ժամանակակից մշակութային ձեռքբերումներով ու ստեղծագործական ներուժով:

– Ի՞նչ տպավորիչ դրվագ կհիշեք, որ պատահել է Հայաստանում Ձեզ հետ՝ դիվանագիտական առաքելություն իրականացնելիս: Ունե՞ք Հայաստանի հետ կապված որեւէ հիշարժան օր:

– Կարծում եմ՝ դեռ շատ վաղ է նշելու գեթ մեկ օր, բայց ես կարող եմ հայտնել իմ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական գոհունակությունը Հայաստանում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաեւ կուզենայի նշել, որ ես վայելում եմ իմ ամենօրյա շփումները հայերի հետ, նրանց բարյացակամ եւ ջերմ վերաբերմունքը Բուլղարիայի եւ իմ՝ որպես այդ երկրի ներկայացուցչի, նկատմամբ:

Զրույցը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

20.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930