Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական վերահսկողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից տարիներ շարունակ ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ երկրում ստեղծված նոր իրադրության պայմաններում երկկողմ հարաբերությունները կզարգանան նոր թափով և կլինեն առավել արդյունավետ։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը տարբեր ոլորտներում, հատկապես՝ ՊՎԾ կողմից իրականացվելիք օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև ցուցաբերել փորձագիտական և տեխնիկական աջակցություն։