Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները ԵԿՄ-ի շենքում են: Նրանք ժամը մոտ 16-ի սահմաններում ստուգումներ են սկսել ԵԿՄ-ում՝ հաշվապահությունում եւ պահեստներում:
Մինչ ստուգումները կավարտվեն, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը՝ ապարանցի Ռազմիկը տեղեկացրեց, որ այսօր ԵԿՄ-ականները որոշել են քայլեր ձեռնարկել: Նա ասաց, որ ԵԿՄ ազատամարտիկների եւ երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչների հանդիպում են կազմակերպել այսօր եւ քննարկել ԵԿՄ-ի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակը:
ԵԿՄ-ականները դատապարտել են տեղի ունեցած «հրեշավոր երեւույթը», միաժամանակ արձանագրել, որ հանիրավի վարկաբեկվում է ԵԿՄ –ի հազարավոր ազնիվ եւ նվիրյալ ազատամարտիկների վաստակը: Որոշել են ստեղծել համատեղ նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումարը կազմակերպելու, նաեւ որոշվել է կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը, հրավիրել անկախ աուդիտ՝ ընդգրկելով ՊՆ եւ ԱՆ մասնակիցներին՝ ապահովելով այս գործընթացի թափանցիկությունը:
Հայտարարության մեջ ասված է. «Այսօր կայացավ Երկրապահ ազատամարտիկների եւ Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվեց ԵԿՄ-ի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակը: Հանդիպման մասնակիցները, խստորեն դատապարտելով տեղի ունեցած հրեշավոր երեւույթը, միաժամանակ արձանագրեցին, որ հանիրավի վարկաբեկվում է ԵԿՄ-ի հազարավոր ազնիվ եւ նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը:
Հանդիպման մասնակիցները, գնահատելով ստեղծված իրավիճակը, որոշեցին առաջարկել ստեղծել համատեղ նախաձեռնող խումբ՝ ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու, անցկացնելու եւ մինչ համագումարը ԵԿՄ աշխատանքային գործունեությունը համակարգելու համար:
Նախաձեռնող խումբը որոշեց նաեւ առաջարկել կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը, հրավիրել անկախ աուդիտ՝ ընդգրկելով ՊՆ եւ ԱՆ մասնակիցներին՝ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ