Aravot.am-ը Երկրապահ կամավորականների միության նախկին մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանին (մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ քանի օր է՝ դուրս է եկել աշխատանքից) խնդրեց մեկնաբանել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած աղմկոտ տեղեկությունները:
Մասնավորապես, 90-ականներին ԵԿՄ-ականների կողմից կրոնական կառույցների անդամներին ծեծելու ու սպանելու միջադեպի մասին, ինչպես Վարդան Վարդանյանը նշեց, ինքը տեղյակ չէ:
Այն մեղադրանքների առնչությամբ, թե ընտրությունների ժամանակ ԵԿՄ-ականները ծեծուջարդով են հարցեր լուծել, Վարդան Վարդանյանը նշեց. «Օրինակ, Մանվել Գրիգորյանը եղել է ՀՀԿ ընտրական ցուցակում, մինչդեռ ես ՀՀԿ-ի օգտին չեմ քվեարկել, ինքն էլ տեղյակ է եղել այդ մասին եւ ոչինչ չի ասել ինձ: Մեկ այլ օրինակ՝ 2013թ.-ին պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը Էջմիածնում 27-28% ձայն է հավաքել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ գրեթե կրկնակի ավելի: Հարց է առաջանում՝ այդ ո՞ւմ օգտին են ԵԿՄ-ականները կեղծել»:
Ինչ վերաբերում է Ավետիք Իշխանյանի պնդմանը, թե Գորիսում 90-ականներին բռնի կերպով աղջիկների են «մատուցել» Մանվել Գրիգորյանին, Վարդան Վարդանյանն ասաց, որ չի կարող նման տեղեկությունները մեկնաբանել: «Ես նրան ճանաչել եմ որպես Արցախի հերոս, որն ազատագրել է Ֆիզուլին, Մարտակերտի տասնյակ գյուղեր, պաշտպանել է Հադրութը: Կարծում եմ՝ այդպես էլ եղել է, ես էլ աշխատել եմ՝ հպարտ եմ եղել: Ամեն դեպքում, երկրապահներին էլ կարող եք հարցնել, որ երբ ինչ-որ բան դուրս չի եկել, ես նրան ասել եմ, անգամ՝ վիճել հետը: Եթե մեկ տարի առաջ իմանայի, որ նա նման բաներ է արել, չէի աշխատի, երկու տարի առաջ իմանայի՝ չէի աշխատի: Այնպես չէ, որ կհանդուրժեի կամ ձայն չէի հանի»,-եզրափակեց Վարդան Վարդանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ