Սիրելի հայրենակիցներ,
Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։
Այդ համակարգի բարեփոխման և ավելի արդյունավետ դարձնելու հարցը ցանկացած երկրի կարևորագույն մարտահրավերներից է։ Նման բարեփոխման գործընթացը ամենաերկար ռազմավարական ծրագրային քաղաքականությունն է, որը կարող է պետությունը ընդունել մի քանի տասնամյակների հաշվարկով։
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը նույնպես կարիք է զգում բարեփոխման։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հանրային մեծ ուշադրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակը սիրով Ձեզ է ներկայացնում իր հերթական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրներին և լուծման այլընտրանքային ուղիներին։
Խնդիրը առավել կարևորվում է այն հանգամանքով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայումս կիրառվող համակարգի առաջին և սկզբունքային ընդդիմախոսն է։ Դեռ 2000-ական թվականների սկզբից Դաշնակցության ներկայացուցիչները ինչպես երկրի գործադիր և օրենսդիր մարմիններում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում մշտապես հայտնել են իրենց տեսակետը սույն բարեփոխումների վերաբերյալ։
ՀՅԴ սկզբունքային դիրքորոշման մասին նախ և առաջ լավատեղյակ են մեր ընդդիմախոսները՝ սույն համակարգի նախաձեռնողներն ու իրականացնողները։
Այդ պատճառով այսօր կարևորում ենք նաև համապատասխան տեղեկատվության տրամադրումը մեր հանրությանը՝ վերջինիս զերծ պահելով ապատեղեկատվությունից և ոչ հավաստի տեղեկություններից։ ՀՅԴ որևէ գործիչ երբեք չի հայտարարել սույն համակարգին կուսակցության աջակցության մասին։ Ավելին՝ սույն համակարգի Դաշնակցության քննադատությունը ունի խոր արմատներ, հիմնված է մասնագիտական լուրջ վերլուծության և սկզբունքային դիրքորոշման վրա։
Հույս ունենք, որ սույն հրատարակությունը նոր առիթ կտա Կառավարությանը, Ազգային ժողովին, քաղաքական ուժերին և լայն հանրությանը՝ վերանայել և բարեփոխել ներկայումս իրականացվող քաղաքականությունը։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել այդ թեմայով խորհրդաժողով, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը:
Ամբողջական վերլուծությունը՝ այստեղ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ