Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով. «Ազատություն» ռադիոկայան

Հունիս 20,2018 17:32

«Ազատություն» ռադիոկայան. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը:

«Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:

Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, նրանք չեն կալանավորվել:

Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ բանակում չարաշահումների այդ գործով հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև այդ տարիներին պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը: Նախկին նախարարի հարցաքննության մանրամասներ ՊԵԿ-ից ևս այսօր չհաղորդեցին:

Ապրիլյան պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը երեկ «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր՝ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն: Օհանյանը պնդել էր, որ նաև Ղարաբաղի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ ճանապարհով կարող էր յուրացվել բանակի ունեցվածքը:

Ղարաբաղյան կողմից Օհանյանի հայտարարությունը «անհասկանալի» էին որակել:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ ինքը մեղադրանքների սլաքը ղարաբաղյան իշխանությունների վրա ուղղելու նպատակ չի ունեցել․ – «Իհարկե՝ միանշանակ ոչ: Այդտեղ պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք իրականում տեղյակ են եղել այդ ամեն ինչից կամ տեղյակ չեն եղել»:

Շարունակելով պարզաբանել իր երեկվա հայտարարությունները՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց․ – «Պետք է պարզել՝ նշված նյութական միջոցները որտեղի՞ց են իրենք ստացել, արդյոք Արցախից կամ Հայաստանի Հանրապետությունից: Արդյոք ճանապարհից են հետ վերադարձվել և կամ Արցախում են իրենք դրանք ստացել և հետ վերադարձվել, քանի որ այդ մեքենաները չէին կարող լինել պաշտպանության նախարարությանը, եթե հաշվառված լինեին, միանշանակ դրանք պետք է լինեին պաշտպանության նախարարությունում»:

Արտակ Համբարձումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930