«Այն հերոսները, որ ունի հայ ժողովուրդը, հայ ժողովուրդը տենչում է նրանց մահը»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տարիներ առաջ իր արած հայտարարությունը հիշեցրեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը:
«Այսօր ունենք ժողովրդի վստահելի իշխանություն, իր ընտրված վարչապետով: Պետք է ընդհանուր մոբիլիզացիայով կանգնենք նրա կողքին: Մեզ տրված է հնարավորություն`հայրենիք ունենալու: Հայրենիք չեն նվիրում, ձեռք են բերում»,- ասաց նա`հավելելով, որ «Սասնա ծռերը» հայ ժողովրդի «նաեւ բանակի ոգին են»:
Պավլիկ Մանուկյանը հայտարարեց`այսօրվա իշխանությանը հասնելու համար հայ ժողովուրդը անցել է փշոտ ու կեղտոտ ճանապարհ եւ հորդորեց դատավորին. «Իրադրության փոփոխությունից հետո մեզ տվեք հնարավորություն` րոպե առաջ լծվելու հայրենաշինության ու բանակաշինության գործին»:
Ասաց`թարախապալարը մեր միջից պետք է մաքրվի: Նաեւ հավելեց`չեն խուսափելու, գալու են դատարան:
Չմոռացավ նաեւ սպանված ոստիկաններին ու նրանց ընտանիքի անդամներին. «Այրիների արցունքները իրոք, պետք է արդար հատուցում ստանան: Մինչդեռ, մինչեւ այսօր, նախկին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, այն է`ամեն ինչ ունի իր գինը եւ փոխհատուցման սկզբունքով, այրիների խիղճն էլ է այրվում: Որովհետեւ շատ արագ հատուցեցին նրանց»:
Պավլիկ Մանուկյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց. «Կանգնելու ենք ժողովրդի վստահությունը վայելող եւ ընդհանուր մոբիլիզացիայով վարչապետի կողքին, ոչ թե նրա դիմաց»:
Մանրամասները`տեսանյութում
Հիշեցնենք, որ դեռ ՊՊԾ գնդի պաշարման օրերն, երբ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը փորձում էր կառավարել եւ կազմակերպել ժողովրդական ընդվզումը, Պավլիկ Մանուկյանը յուրայիններին հորդորում էր հեռացնել նրան հարթակից, ասելով՝ «զիբիլի յաշիկը կոխեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ