Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը պետք է վերջ տա քաղաքական խաղերին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Haaretz

Հունիս 20,2018 17:22

Իսրայելի կառավարության ճնշման տակ Կնեսետը դարձյալ հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի քննարկումը մինչև Թուրքիայում հունիսի 24-ին սպասվող ընտրությունների ավարտը: Իսկ այդ ընթացքում ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի հայտնի մարտիկներն իրականացնում են իրենց լոբբիստական աշխատանքները և ուժեղացնում են ճնշումն Իսրայելի վրա՝ ստիպելով ճանաչել հայերի ցեղասպանությունը, իսրայելական Haaretz պարբերականում գրում է վերլուծաբան, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշների նախկին խորհրդական Բենջամին Աբտանը:

Վաղուց ժամանակն է, որ Իսրայելը միանա այն բազմաթիվ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդպիսի քայլը կարող է վերահաստատել Իսրայելի հիմնարար արժեքները, և ամրապնդել ցեղասպանության ժխտողականության դեմ միջազգային կոալիցիան, կարծում է հոդվածագիրը:

Չնայած Թուրքիայի պաշտոնական մերժողականությանը՝ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, շարունակում է Աբտանը: 1915թ. ապրիլի 24-ին Կոնստանտնուպոլսում մի խումբ հայ մտավորականներ ծրագրված կերպով տեղահանվեցին և սպանվեցին 1.5 մլն այլ հայերի հետ՝ միայն այն բանի համար, որ հայ են: Այս սպանություններն իրականացվել են «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից, որն Օսմանյան կայսրության փաստացի առաջնորդն էր, մասնավորապես Թալեաթ փաշան, Էնվեր փաշան և Ջեմալ փաշան: Այս զանգվածային սպանությունը ցեղասպանություն էր, գրում է հոդվածի հեղինակը:

Այս ճշմարտությունն իր ողջ պարզությամբ ճանաչվել է ամբողջ աշխարհի պատմաբանների, ինչպես նաև որոշ թուրք խիզախ ակտիվիստների և մտավորականների կողմից հատկապես Ստամբուլում, որոնք արդեն մի քանի տարի ոգեկոչում են ցեղասպանության զոհերի հիշատակը:

Թուրքիայի և Իսրայելի միջև աշխարհաքաղաքական դաշինքը այն առանցքային պատճառն է, որը թույլ չի տալիս Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բայց Իսրայելը չպետք է անհանգստանա Թուրքիայի դիվանագիտական սպառնալիքներից այն երկրների հանդեպ, որոնք համարձակվում են ճանաչել ցեղասպանությունը: Որպես օրինակ՝ վերցնենք այն, ինչ տեղի ունեցավ 2015թ. ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ ցեղասպանության միջազգային ճանաչման ալիքի ֆոնին:

Թուրքիան դեմ էր հանդես գալիս, բողոքում էր, հետ էր կանչում դեսպաններին, խզում դիվանագիտական հարաբերությունները, սպառնալիքներ հնչեցնում, իսկ հետո պետությունների և ազգերի միջև հարաբերություններն անցան բնականոն հունի՝ երբեմն քաոտիկ, բայց հիմնականում բոլորին հայտնի ընդհանուր շահերի վրա հիմնված:

Դրանից հետո Գերմանիան շարունակում է աշխատել Թուրքիայի հետ, մասնավորապես գլխավորելով եվրոպական երկրների և Թուրքիայի միջև համաձայնագիրը փախստականների վերաբերյալ, իսկ Ֆրանսիան, որը ցեղասպանության ճանաչման առաջամարտիկներից է, երբեք չի խզել իր առևտրային կապերը Թուրքիայի հետ: Ոչ մեկ չպետք է տատանվի բարձրագոչ սպառնալիքներից, երբ դրանց գործողություններ չեն հետևում:

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ապագայում զանգվածային վայրագությունները կանխելուն: Թեոդոր Հերցլը սիոնիզմի հիմքը դրեց, երբ հասկացավ հրեաներին սպառնացող գոյատևման վտանգը: Դրանից հետո Իսրայելը դարձավ Հոլոքոստ վերապրածների և ամբողջ աշխարհում սպառնալիքի տակ գտնվող հրեաների համար ապաստան:

Հաճախ դժվար է պատկերացնել՝ ինչպես պատմությունը կարող է տարբեր լինել, բայց անհեթեթություն չէ մտածել, որ եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը տեղի ունենար ժամանակին, հրեաների, ինչպես նաև գնչուների, Ռուանդայում տուցիների և ուրիշների դեմ ցեղասպանությունները հնարավոր կլիներ կանխել:

Հետևաբար, Իսրայելը հատկապես իր վրա պատասխանատվություն է կրում: Հայոց ցեղասպանությունը ճանաչելը չի փոխի անցյալը, բայց կնպաստի ձևավորելու ապագան և կօգնի պաշտպանել նրանց, ովքեր ոչնչացման վտանգի տակ են այսօր և վաղը:

1939թ. օգոստոսի 22-ին Լեհաստան ներխուժելուց առաջ Հիտլերն իր հայտնի ելույթում իր գեներալներին ասաց. «Ով է այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Եթե Կնեսետը ի վերջո իսկապես քննարկի այդ օրինագիծը, բոլոր պատգամավորները, անկախ իրենց քաղաքական զգայունությունից և անցյալից, պետք է նկատի ունենան այս մեկնաբանությունը:

Այն, ինչ դրված է սեղանին, վաղուց արեն դուրս է երևութական աշխարհաքաղաքական դաշինքներից և մանր քաղաքական խաղերից. խոսքը պատմական ճշմարտության և համընդհանուր մարդասիրության մասին է: Իսրայելը պետք է հիշի հայերի բնաջնջումը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930