Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսատ-պռատ, ակնարկների լեզվով, առանց կոնկրետության խոսելը վայել չէ վարչապետին». Արմինե Օհանյան

Հունիս 20,2018 16:44

«Հույս ունեմ, որ վարչապետի մոտ լեզվի սայթաքում է դա և ոչ թե իսկապես ինքն ընկալում է դա որպես պետության դեմ մի բան»,- «Հայելի» ակումբում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստաընկերություններին ուղղված կոչին, այսպիսի կարծիք հայտնեց:

Ըստ նրա՝ անորոշ էր, թե ում էր ուղղված դա, մինչդեռ պետք է բոլորիս համար հստակ լիներ թիրախը: Հակոբ Ավետիքյանին զարմացրել է հակապետական բառը. «Հակաիշխանական մենք գիտենք, հակապետականն այն է, որ պետությանը դավաճանում է»:

Պարոն Ավետիքյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում տեսնում է ջղային ռեակցիա, որը լավ չէ ոչ մի պետական պաշտոնյայի համար: Դրանից պետք է խուսափել. «Չեմ ուզում խրատ տալ մանավանդ այնպիսի մարդու, որը հայտնի լրագրող է այն առումով, որ անողոք քննադատության է ենթարկել գրեթե բոլորին և շարունակական այդ ընթացքի մեջ է եղել, ուստի իր համար բացարձակապես չպետք է լինի տարօրինակ նման կեցվածքը: Բնական է, որ այլակարծիք լինեն մարդիկ»:

Պարոն Ավետիքյանը դրական համարեց այն, որ ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք անտարբեր էին քննադատությանը, չէին արձագանքում, այժմ քննադատությունը տեղ է հասնում: Միևնույն ժամանակ Հակոբ Ավետիքյանը նշեց, թե չէր ուզի, որ քննադատությունը նման ջղային արտահայտություն գտներ վարչապետի մոտ:

Պարոն Ավետիքյանի կարծիքով՝ այսօր նոր իշխանությունները խնդիր ունեն մամուլի հետ ճիշտ աշխատանք կազմակերպելու հարցում. «Ինչու նոր իշխանությունները սկսեցին ընկնել, այսպես կոչված, տենդերների հետևից: Նյութի վերնագիրն ինձ ծիծաղ պատճառեց՝ նոր սկանդալ: Սկանդալ ես էլ եմ սիրում, բայց դա չպետք է շինծու լինի: Մեր թերթի պարագայում ճիշտ է մշակույթի նախարարությունից 4-5 տարի մշակութային ներդիր հավելվածի համար ստանում էինք 800.000 տարեկան գումար: Սա դրական է, նման բան անում են նաև այլ երկրներում: Ուստի սկանդալ փնտրել այնտեղ, որտեղ սկանդալ չկա, արդեն սկանդալ է»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով՝ վարչապետի՝ հեռուստաընկերություններին ուղղված հայտարարության մեջ կա նաև հեռուստաընկերությունների խմբագիրների, տնօրենների մեղքը. «Հեռուստաընկերություններն ազատ խոսքի իրավունքի արտահայտման մակարդակից այնքան նահանջեցին, որ նահանջեցին ԶԼՄ կոչվելու առաքելությունից: Իրենք այսօր այնքան են մղվել հետին պլան, որ նույնիսկ փոքրիկ համարձակությունը, կսմիթներն ու անհնազանդության նշույլներն ընկալվում են որպես հակապետական դրսևորումներ: Հիմա ապրում ենք հետհեղափոխանական շրջանում, գիտեք՝ հաղթողներին չեն դատում, Նիկոլ Փաշինյանի վերելքի շրջանն է, իր իշխանությանը ներվում, հանդուրժվում է ամեն ինչ, ցանկացած քայլ, արարք, արտահայտություն հանդուրժողության, սիրո մթնոլորտում է ընկալվում. այն, ինչի համար կարող էին նախորդներին պարզապես խոշտանգել»:

Արմինե Օհանյանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը մեծ ողբերգություն սարքել պետք չէ, մարդ է, կարող է վրիպել. «Ինձ համար մտահոգիչ է այն, որ տերմիններ են մտնում շրջանառության մեջ, որոնք հիշեցնում են հեռավոր 37 թիվը, սովետական լճացման անազատ մամուլի շրջան: Ցանկացած քննադատության, առողջ խոսքի բերանը փակելու, դեմն առնելու գործընթաց է գնում նույն տերմիններով: Դա նաև շանտաժ է այն մարդկանց ուղղված, որոնք կարող են այլ կարծիք, տարբեր հայացք ունենալ»:

Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետի՝ որոշ հեռուստաընկերություններին ուղղված հայտարարությունը տեղավորվո՞ւմ է սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, պարոն Ավետիքյանը պատասխանեց՝ հարցում արդեն պատասխան կա…այո:

Արմինե Օհանյանն արձագանքեց. «Սեր, հանդուրժողականություն բառերը չեմ տարանջատել դեմոկրատիա, առաջադիմություն, բարեկեցություն, բարիդրացիական հարաբերություններ և տարբեր այլ դրսևորումներից: Ուզում եմ՝ այս հասարակության մեջ բոլորը տեղ ունենան, նույնիսկ փոքրամասնությունները: Եթե մարդ չի խախտում քրեական, քաղաքացիական օրենսգիրք, իրավունք ունի կարծիք արտահայտել և գործունեություն ծավալել»:

Իսկ թե ինչը կարող էր նման ռեակցիա առաջացնել, տիկին Օհանյանը պատասխանեց. «Երեկ լուրեր էին շրջում, մենք փորձեցինք հասկանալ, վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ նրան, ում ուղղված է, նա հասկացել է: Ասացին, որ դա մասամբ վերաբերում է Կենտրոն հեռուստաընկերությանը, մյուսների կարծիքով՝ «Երկիր մեդիայի» շաբաթօրյա հաղորդման մասին է: Հատուկ նայեցի Գեղամ Մանուկյանի հաղորդումը, չգտա մի արտահայտություն, որը ոչ միայն հակապետական, այլև քննադատություն որակվեր. փոքրիկ ակնարկներ, վերլուծություն, ինչ-որ կսմիթներ: Պատկերացնում եմ, թե մեր թերթի հոդվածները կարդալուց որքան կարող է զայրանալ մեր սիրելի վարչապետը»:

https://www.youtube.com/watch?v=b5XFF4bolp8

Հակոբ Ավետիքյանը խորհուրդ է տալիս վարչապետին լսել իր կնոջը, որը գտնում է՝ մամուլը պետք է քննադատի, որ այսպես ասած՝ չհաբռգեն. «Մեր հեռուստաընկերություններն ընդհանրության մեջ սպասարկում են իշխանություններին: Հիմա վարչապետի այս զարմանքը զարմացնում է մեզ: Ինքն է՞լ է սովորել, որ հենց այդպես պիտի լինի, հլու- հնազանդ հեռուստաընկերություններ լինեն»:

Մեր հարցին՝ նման մտավախությո՞ւն են տեսնում, պարոն Ավետիքյանը պատասխանեց. «Մեր նախորդ իշխանավորները միշտ ակնկալել են, որ իրենց ծափ տան: Նույն հիվանդությունը վարակի՞չ է նորեկների համար: Եթե նույնը մնա, կնշանակի` քաղաքական հեղաշրջումն իզուր է անցել»:

Արմինե Օհանյանն էլ արձագանքեց՝ հին իշխանություններից զատվեցինք, որ այդ հիվանդություններից էլ ազատվենք:

Արմինե Օհանյանը հայտարարեց՝ վարչապետը պիտի գիտակցի, որ իր ցանկացած խոսքի ուշադիր հետևում են. «Ոչ միայն հետևում, այլև հետևություններ են անում: Դա կարող է տոնայնություն ու մթնոլորտ ձևավորել երկրում: Դա նշանակում է՝ կիսատ-պռատ, ակնարկների լեզվով, առանց կոնկրետության խոսելը վայել չէ վարչապետին: Հակապետական բառը վատ բառ է ցանկացած հրապարակման համար: Նույնիսկ ամենավերջին դեղին հրապարակումը, ամենամեծ մեղք, քրեական հանցանք պարունակող հրապարակումը չի կարող արժանանալ վարչապետի կողմից նման որակման: Կա դեպք, սխալ, պետք է դիմել օրինական ճանապարհների՝ հերքում, դատական պրոցես, պատասխան հոդված»:

Տիկին Օհանյանը ցավով նշեց, որ երբ կարդում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման ներքևի մեկնաբանությունները, 500 մեկնաբանությունից 450-ն այս բովանդակության էին. «Վարչապետ ջան, որ հեռուստաընկերությունն է, ասա գնանք ջարդենք, փշրենք, մերժենք, լրագրողի ոտքերը կտրենք, ԶԼՄ-ները սենց են, նենցն են, լրագրողները դեղին են: Ինքը մի արտահայտությամբ կարող է ստեղծել փսիխոզ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930