Այսօր ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2018-ի մայիսի նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնցից պարզ երեւում է, որ հեղափոխությունը տնտեսական ցուցանիշների վրա բավականին լավ ազդեցություն է ունեցել:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տրամադրած նախնական տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի մայիս ամսին 2017 թվականի մայիսի նկատմամբ կազմել է 5.4 տոկոս: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ 17 տոկոս, շինարարության ոլորտ`8.8 տոկոս, առևտրի շրջանառություն՝ 8.8 տոկոս, իսկ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 0.1 տոկոս աճ: Բացասական է եղել արդյունաբերության ոլորտի ցուցանիշը՝ -3.1 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը ավելացել է 27.9 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը 17.6, իսկ ներմուծումը` 32.8 տոկոսով:
2018 թվականի 5 ամիսների արդյունքներով (հունվար-մայիս) տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս` 2017 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ: Հիմնական նպաստումը եղել է ծառայությունների՝ 17.5 տոկոս, շինարարության՝ 17.4 տոկոս, առևտրի շրջանառության՝ 10.2 տոկոս, արդյունաբերության՝ 3.3 տոկոս, և գյուղատնտեսության` 1.5 տոկոս, ոլորտների հաշվին:
Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-ապրիլ) համեմատությամբ աճել է 32.4 տոկոսով. արձանագրվել է արտահանման 24.1 տոկոս և ներմուծման 37 տոկոս աճ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իրականում տնտեսական աճի տեմպը նվազել է՝ հունվար-մարտի 10,6 տոկոսից հունվար-մայիսին դարձել է 8,6 տոկոս: Դա են վկայում վիճծառայության պետական կայքում ներկայացված տվյալները: