Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին գյուղապետը կեղծիքով հողատարածքներ է տրամադրել». Վահան Պողոսյան

Հունիս 20,2018 16:18

Aravot.am-ի խմբագրություն է դիմել Վահան Պողոսյանը՝ պատմելով, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի նախկին գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը, խախտելով ՀՀ Հողային օրենսգրքի դրույթներն ու կառավարության 2001 թվականին ընդունված թիվ 286 որոշումը, կայացած մրցույթը համարել է չկայացած ու կամայական գներով հողամասեր է տրամադրել գյուղացիներին:

«Մեծ Սարիարը իմ ծննդավայրն է, այստեղ ունենալով համապատասխան սեփական շինություններ՝ զբաղվել եմ անասնապահությամբ։ Երբ 2007 թվականին գյուղում վարձակալեցի 9 հա հողատարածք, մեծ գումարներ ծախսեցի այն մշակման համար պիտանի դարձնելու: Երկար ժամանակ չէր մշակվել, իմ կողմից կատարվեց հարթեցման, քարամաքրման, պարարտացման աշխատանքներ։ Տասը տարի անց՝ 2017 թվականի ապրիլին, երբ վարձակալման պայմանագրի ժամկետը լրացավ, անցկացվեց նոր մրցույթ։ Բայց մրցույթի արդյունքները ճանաչվեցին անվավեր, քանի որ վարձակալության գումարը շատ բարձր էր սահմանվել, ու 2017 թվականի հուլիսի 24-ին օրենքով սահմանված կարգով՝ նոր մրցույթ անցկացվեց։

Սակայն այդ ընթացքում՝ մինչ մրցույթը, երբ գյուղացիները դիմում էին գյուղապետին հողատարածք վերցնելու խնդրանքով, գյուղապետը նրանց հորդում էր՝ մի քիչ համբերել, նոր մրցույթ կանցկացվի, Վահան Պողոսյանի վարձակալած տարածքները ձեզ կտրամադրենք։ Ասեմ նաև, որ գյուղի հողերն անջրդի են, սակայն մրցույթի ժամանակ վարձակալության աբսուրդ գներ էին առաջարկում. կես հեկտար հողատարածքի արժեքը սահմանում էին 150-160 հազար դրամ, այն դեպքում, երբ հողի կադաստրային արժեքը 4000-5000 դրամ է։ Ստացված եկամուտը գոնե ծախսերը պիտի փակի, նման վարձակալական գներով հողատարածքներ ես չեմ կարծում, որ Շիրակի մարզում կան, նույնիսկ բերրի, ջրովի տարածքներն այդ գնի չեն»,- ասում է Վահան Պողոսյանը։

Վահան Պողոսյանի ասելով, 2017 թվականի հուլիսի 24-ին նոր մրցույթ է հայտարարվել, սակայն գյուղապետն ապօրինաբար ասել է, թե նա իրավունք չունի մասնակցել մրցույթին, քանի որ նախորդ մրցույթին արդեն իսկ մասնակցել է: Այդուհանդերձ, մրցույթին մասնակցել է Վահան Պողոսյանի եղբայրը:

«2017 թվականի հուլիսի 24-ին անցկացվեց մրցույթը, ըստ մրցույթի արդյունքների՝ երեք լոտ շահեց իմ եղբայրը, մեկ լոտ Ջ. Գաֆարյանը, մեկ լոտ Էդմոն Սահակյանը, չորս լոտ ՝ Գագիկ Զաքարյանը, երկու լոտ էլ Արսեն անունով մի անձնավորություն։ Նշեմ նաև, որ իմ եղբայրը և Ջ. Գաֆարյանը հողամասերը շահեցին մեկնարկայինից մի փոքր բարձր գներով, իսկ երեք մասնակիցները հետևյալ գներով՝ Գագիկ Զաքարյանը՝ 0,37 հա- 135 հազար դրամով, 0,78 հա-140 հազար դրամով, 0,71 հա- 165 հազար դրամով, 0,46 հա-120 հազար դրամով։ Էդմոն Սահակյանը 1,42 հա-166 հազար դրամով, Արեսը՝ 0,46 հա-ն 151 հազար դրամով, 0,68 հա-163 հազար դրամով։ Խնդիրն այն է, որ մրցույթից մի քանի օր հետո այրվեց գյուղապետարանի շենքը ու հետագա գործընթացը չշարունակվեց, այսինքն՝ պիտի արձանագրություն կազմվեր։ Բազմիցս դիմել եմ գյուղապետ Բաբիկ Ավետիսյանին հողակտորների հետագա ճակատագրի հարցով, ինձ պատասխանում էր, որ երեք մասնակիցները հրաժարվել են հողակտորներից, քանի որ հաղթել են բարձր վարձավճարումներով, իսկ նոր մրցույթ անցկացնելու համար ժամանակ չկա այլևս, քանի որ նոյեմբերին համայնքների խոշորացման ծրագրով գյուղերը կմիավորվեն։ Ասում էր նաև՝ ես չեմ հասցնի, նոր գյուղապետը նոր մրցույթը կանցկացնի։ Բայց հետագայում պարզվեց, որ գյուղապետը ստում է, զբաղված է կեղծիքով։

Գյուղապետը գյուղապետարանի շենքում բռնկված հրդեհից հետո փոխանակ վերականգնի փաստաթղթերը, որոնց հետքերը վերացել են, կայացած մրցույթը ինքնագլուխ համարել է չկայացած։ Ու օրենքով նախատեսված կարգով նոր մրցույթ հայտարարելու փոխարեն, առանց մրցույթի, կամայականորեն Գ. Զաքարյանի, Է. Սահակյանի և Արեսի կողմից շահած հողակտորները 30 անգամ ցածր վարձավճարով և կեղծ ձևակերպումներով 2017 թվականի հոկտեմբերին հատկացրել է նրանց ծնողներին ու բարեկամներին։ Այսինքն՝ Բաբիկ Ավետիսյանը կայացած մրցույթը չկայացած համարելով՝ չկայացածի մրցույթի պայմաններ է կիրառել. այդ հողամասերը դիմումներով է հանձնել իմ թվարկած անձանց: Ես ուզում եմ, որ այս կեղծիքն ու խարդախությունը բացահայտվի։ Ինչպե՞ս կարող է հուլիսի 24-ին կայացած մրցույթը, որին մասնակցել է նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցը, համարել չկայացած ու տնավարի, դիմումների համաձայն՝ իր ուզած գներով հողեր տրամադրի իր նախընտրած անձանց»։

Վահան Պողոսյանը մեզ տրամադրեց նաև պետտուրքի անդորրագիրը. առանց վճարման չի թույլատրվում մասնակցել մրցույթի: (Տես լուսանկարում)

Մենք այս թեմայի շուրջ փորձեցինք լսել նաև նախկին գյուղապետ Բաբիկ Ավետիսյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված էր։

Պատրաստ ենք լսել նաև նրա պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930