Երեւանում կայացավ Հայաստանի ցանցացատկի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի մարզիկներ: Ընդհանուր առմամբ պայքարի մեջ մտավ շուրջ 90 պատանի:
Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Դավիթ Ֆահրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ցատկացանցը օլիմպիական մարզաձեւ է: Առաջին անգամ այս ձեւաչափով անցկացվող այս առաջնության գլխավոր նպատակը ցատկացանցը Հայաստանում տարածելն ու զարգացնելն է: Մեր պատանի մարզիկները (Հայաստանը դեռ մեծահասակներ չունի, քանի որ այն երիտասարդ մարզաձեւ է այստեղ: Ա. Հ.) մրցելով արտերկրի իրենց հասակակիցների հետ՝ փորձ ու վստահություն պետք է ձեռք բերեն, որպեսզի կարողանան իրենց արժանի դրսեւորել միջազգային ասպարեզներում: Այս տարի մեր ֆեդերացիան անդամագրվեց միջազգային ֆեդերացիային, եւ մենք արդեն կարող ենք հանդես գալ Եվրոպայի եւ աշխարհի պատանիների առաջնություններում: 2017 թվականին մեր երեք պատանիներ կմասնակցեն Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը 10-11 եւ 12-13 տարեկանների խմբում»:
Դավիթ Ֆահրադյանն ասաց, որ իրենք պետական աջակցություն չեն ստանում, սակայն դիմելու են սպորտի պետական կառույց՝ 2019 թվականից որոշակի ֆինանսական աջակցություն ստանալու համար: «Մենք հենց այնպես պետությունից փող չենք ուզում: Մեր միջոցներով արդեն բավականին ծավալուն աշխատանք կատարել ենք ու որոշակի հաջողությունների հասել: Ուզում ենք զարգացնել դա, բայց արդեն լրացուցիչ միջոցներ կպահանջվեն», – ասաց նա:
Ցանցացատկը առայժմ արմատավորված է միայն Երեւանում, սակայն աշխարհագրությունն ընդարձակելու համար պարոն Ֆահրադյանը դիմել է մարզպետարաններին: Նրա խոսքով, եթե տեղերում համապատասխան տարածքներ հատկացնեն, ինքը պատրաստ է պարզ տիպի ցատկացանցեր ձեռք բերել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ