Հունիսի 14-19-ը ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությանբ 6 թանգարան եւ մեկ ցուցասրահ, որոնց տնօրենները ամերիկյան փոխանակման ծրագրի շրջանավարտներ են, հայկական արվեստի նմուշները նորովի և անսպասելի ձևերով ներկայացրին հանրությանը: Ամեն երեկո հարյուրավոր մարդիկ մասնակցեցին որեւէ թանգարանի համար պատրաստված բացառիկ բեմադրությունների և տեսաարվեստի միջոցով հայկական գլուխգործոցները նորովի ներկայացնող «Շնչող արվեստ» ծրագրին:
Ծրագրի ավարտն ազդարարվեց «Արև արթ» ցուցասրահում: Նկարները «կենդանացրին» ԳԱԿ Փոքր թատրոնի արտիստները` թատրոնի գեղարվեստական ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի մտահղացմամբ:
Aravot.am-ի հետ զրույցում «Արև արթ» ցուցասրահի հիմնադիր, նկարիչ Արեւ Պետրոսյանը նախագիծը որակեց ֆանտաստիկ եւ աննախադեպ: «Նման բան Հայաստանում չի եղել: Բոլոր թանգարաններում նկարը սկսում էր ապրել, ամեն թանգարանում նախագիծը տարբեր դրսեւորումներ է ունեցել, մեկը մյուսին չի կրկնել:
Անձամբ ես, ցնցված էի, չէի պատկերացնում, թե ինձ մոտ ինչպես է «կենդանանալու» ամեն ինչ: Իմ «Բացարձակ ազատություն» նկարն էինք վերցրել, որը շատ համահունչ էր վերջին ամիսների իրողություններին: Արծաթագույն ֆոնի վրա թռչուններ էին թռչում: Բեմադրությունն այնպես էր կառուցված, որ արծաթագույն երկնքից պոռթկում էին թռչունները, որոնք դերասաններ էին ու սկսում էին սավառնել երաժշտության ներքո, ամենավերջում հավաքվում էր նկարը: Ասես հեքիաթի աշխարհ ընկած լինեի: Լինելով նկարիչ, ես չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս իմ զգացողությամբ:
Շատ հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ 1,5 ժամվա ընթացքում 1000-ից ավելի այցելու ենք ունեցել մեր ցուցասրահում, իսկական տոն էր, տոնախմբություն, վերջին 6 օրը, ասես, մշակութային հեղափոխություն լիներ թանգարաններում, նման հերթեր երբեք թանգարաններում չեն եղել:
Բրավո Վահան Բադալյանին իր ստեղծարարության համար: Շատ կուզենայի այս ամենը հետագայում էլ շարունակություն ունենար: Աշխարհը սովոր է նման բաների, բայց Հայաստանում արվեստի հետ կապված նման շոու դեռ չէր եղել»,-ասաց Արեւ Պետրոսյանը
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Մնացական Եփրիկյանի եւ Արեւ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: