Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այսօր «Սեքյուրիթի դրիմ՚» եւ «Էլլիպս ՋիԷյ՚» ընկերություններում ստուգումներ են անցկացրել: Այս մասին հայտնում է hraparak.am-ը:
Գործողությունները կատարվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության մասով, որը տնօրինում է Հայաստանի ճանապարհներին տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները:
Aravot.am-ի հարցին, թե ինչի հետ կապված կարող են լինել ստուգումները, «Սեքյուրիթի դրիմ»-ի ղեկավար Ալեքսան Զաքարյանը պատասխանեց, որ իրենց բիզնես-գործունեության ընթացքում դրանք միշտ էլ եղել են:
Պարոն Զաքարյանի խոսքով, ինքը երկրում չէ, բայց որեւէ խնդիր չի տեսնում. «Որեւէ խնդիր չկա առաջին անգամը չենք ստուգվում: Որեւէ մտահոգություն չունենք, ամբողջ կյանքում էլ ստուգվել ենք ու հիմի էլ չենք ունենա խնդիր»:
Մեր հարցին, թե հաճախակի ստուգումներից չի՞ տուժում բիզնեսը, գործունեությունը չի՞ խաթարվում, պարոն Զաքարյանն ասաց՝ նախկինում խոչընդոտ էր լինում, սակայն այս պահին այդ գործողությունները իրենց աշխատանքին չեն խոչընդոտում.
«Հույս ունենք, որ հիմա ավելի օրինական այդ ամեն ինչը կլինի, ավելի հեշտ կանցնենք այդ ամենը եւ ավելի քիչ ու ավելորդ գլխացավանքներով»:
Ընկերության ղեկավարը նաեւ ասաց, որ 29 տարի աշխատում են եւ, գործունեության հետ կապված, որեւէ խնդիր չեն ունեցել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ