«Մենք պնդում ենք մեր երաշխավորությունը, հասկանում ենք երաշխավորությունից բխող հետեւանքները»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը անձնական միջնորդություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար: Այսօր, դատարանում, պատգամավորներն իրենց ստորագրությամբ հաստատեցին միջնորդությունը: Պատգամավորների քայլը դատարանում ընդունվեց ձեռքսեղմումներով եւ ծափերով:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչը հրաժարվեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ միջնորդությունը չէր վերաբերվում այն անձանց, ում մեղսագրվում է իրենց պաշտպանյալների նկատմամբ արարքը:
Դատախազը չառարկեց միջնորդության դեմ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 16.00-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ