«Ինչո՞ւ այդ ծրագիրը մրցույթով չի անցել: Անձնական կապերն են գործե՞լ, մի զանգով կրթության նախարարությանը հրահանգել են անցկացնե՞լ: Պարզ է, որ բյուջեից գումարներ են տարվել, իսկ այդ ծրագրի որակի մասին լուրջ հետազոտություններ չկան»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով 2014թ.-ից ՀՀ հանրակրթական հաստատություններում գործող «Պատանի երկրապահի ակումբներ» ծրագրին, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ի նման երկրին ռազմական կրթության բարձր որակ է պետք՝ ինչպես դպրոցում, այնպես էլ միջին եւ բարձրագույն կրթական մակարդակներում. «Քարոզչական մոտեցումներն այդ ծրագրի անընդունելի են, ուսուցիչների որակը շատ բարձր պետք է լինի: Եթե մայոր ես, դա չի նշանակում, որ կարող ես կրթական որակ ապահովել»:
Ըստ Սերոբ Խաչատրյանի, ԿԳՆ-ն, որպես այդ ծրագրի պատվիրատու եւ ֆինանսավորող, դժվար թե կարողանար մշտադիտարկում անցկացնել. «Նախորդ իշխանության պարագայում դժվար էր պատկերացնել, որ որեւէ կառույց կարող է գեներալ Մանվելի ծրագիրը մշտադիտարկման ենթարկել»:
ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվելի շուրջ օրերս ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումների առնչությամբ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ կարծիք հայտնեց. «Ավելի ծանր արարք է Էջմիածին քաղաքի փողոցները քաղաքացիների տեղաշարժի համար փակ պահելը, քան խտացրած կաթ պահելը»:
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի գործունեությանը, Վարդան Հարությունյանը կարծում է, որ այն չի բարձրացնում զինվորական կրթության մակարդակը. «Դա ավելի շատ ինքնախաբեություն է, որի արդյունքում մարդիկ փող են աշխատում. գործարարներն են հովանավորում, առձեռն գումարներ են տալիս»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործով քննություն է ընթանում, իսկ նրա պաշտպանները հանրությանը հորդորում են չխախտել անմեղության կանխավարկածը եւ սպասել դատավճռին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ