«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ինչպես հայտնել ենք, հրաժարվել է պատգամավորական իր մանդատից:
Նրանից հետո ցուցակով առաջադրված 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, որ մանդատը հասնի Հրանտ Դավթյանին: Այս առնչությամբ այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին՝ իրենց կամքո՞վ են նրանք ինքնաբացարկ հայտնել, թե ստիպողաբար են հայտնել՝ պատասխանեց. «Հարցը տեղին չեմ համարում, ինքնաբացարկի դիմումները իրենք ներկայացրել են ինձ՝ որպես կուսակցության գլխավոր քարտուղար, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ մեկի հանդեպ բռնություն չի գործադրվել, որեւէ մեկն իր կամքին հակառակ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Իրենք չեն ցանկացել լինել պատգամավոր, ռեյտինգային ընտրակարգի բոլոր թեկնածուները Սյունիքի ռեգիոնի ինքնաբացարկ են հայտնել, իսկ դա նշանակում է, որ ըստ օրենքի սկսում է արդեն աշխատել համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, իսկ հաջորդ թեկնածուն մեր ցուցակով Էջմիածնի մեր գործընկեր, նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանն էր, ով ընդամենը րոպեներ անց ԿԸՀ-ից կստանա պատգամավորի իր մանդատը: Բռնություն որեւէ մեկի հանդեպ չի եղել»:
Մեր հարցին՝ տարօրինակ չի՞, որ այդպես համաձայնեցված բոլոր 8 պատգամավորները հրաժարվել են եւ ճանապարհ հարթել Հրանտ Դավթյանի համար՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Պիտի հարցնել իրենց, ես կարծում եմ բացարձակ տարօրինակ չի, եթե մարդը, ով ստացել է, օրինակ, ամբողջ ընտրատարածքում ընդամենը 120 վստահության քվե, հավակներ լինել պատգամավոր: Ես կարծում եմ, նրանցից շատերը խոհեմ որոշում են կայացրել՝ հրաժարվել պատգամավորական մանդատից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ