ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թ. Շ.-ի նկատմամբ 07.02.2018թ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը 30.05.2018թ.-ին փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով: Դատարանի հիշյալ որոշման դեմ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր բերվել:
20.06.2018թ.-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը և վերացրել այլընտրանքային խափանման միջոց գրավը: Թ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ բացի Թ. Շ.-ից, վերը նշված քրեական գործով, բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչն ու ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն