«Ընտրական օրենսգրքով մենք, ցավոք, ստիպված ենք բազմաթիվ դրույթներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսել», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Թե ինչ փոփոխություններ են նախատեսվում ԸՕ-ում, Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց հիմնական դրույթները:
Նախ, նա ասաց, որ ԸՕ-ն տեխնիկական մի շարք թերություններ ունի եւ արտահերթ ընտրությունների անցկացման համար չկան կարգավորումներ. «Արտահերթ ընտրությունների սահմանադրական ժամկետը 30-45 օր է, բայց կան գործառույթներ, որոնք տարբեր մարմիններ պետք է անեն, օրինակ՝ ընտրություններից 2 ամիս առաջ: Օրինակ, նախագահը ընտրություն նշանակեց 35 օրից, ինչպե՞ս կարող է ՀՌԱՀ-ը քվեարկությունից 2 ամիս առաջ մեթոդոլոգիա մշակել, կամ ոստիկանությունը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակ հրապարակել: Այսինքն, օրենսգիրքը լուրջ թերություններ ունի՝ կապված արտահերթ ընտրությունների ժամկետների հետ: Դրա հետ կապված բազմաթիվ դրույթներ պետք է փոխվեն եւ դա երեւի քննարկման առարկա էլ չի»:
Ռեյտինգային ընտրակարգի հետ կապված Իոաննիսյանն ասաց. «Դրանք հանվում են, չեն լինելու: Քննարկվում է նաեւ փոխելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրակարգը»:
Այս մասին մանրամասները՝ տեսանյութում:
Ինչ վերաբերում է նախագծում նորամուծություններին՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Կապված քվեարկության կարգի հետ՝ մեխանիզմներ ենք քննարկում կրկնաքվեարկությունների կանխման, որովհետեւ հանրային վստահության առումով դրանք խնդիր են: Հանրությունը պետք է վստահ լինի, որ այնպիսի մեխանիզմներ են, որ կրկնաքվեարկությունը բացառված է: Քննարկվող մեխանիզմներից մեկը մատների անգույն թանաքով թանաքոտումն է, կամ սփրեյավորումը, ինչպես Վրաստանում է: Ինքը էսթետիկ խնդիր չի, չի երեւում անզեն աչքով, միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ է երեւում, առողջությանը վնասակար չի, բայց հնարավորություն է տալիս, որ անձը, ով արդեն քվեարկել է, ընտրական տեղամաս անգամ չկարողանա մուտք գործել, եթե, իհարկե, դիտորդ, լրագրող կամ համապատասխան կարգավիճակով այլ մարդ չէ»:
Իոաննիսյանն ասաց, որ այդ թանաքը ցնդող է, բայց ոչ այդքան արագ՝ 2 օր հետո է անցնում. «Տարբեր քիմիական ներգործությամբ փորձեր մենք կատարեցինք այդ սփրեյի վրա, որը մեզ Վրաստանի ԿԸՀ-ից ուղարկեցին եւ ինքը չի մաքրվում: Այսինքն, ացետոնով, բենզինով, ջրով, ամեն ձեւ փորձում էինք, հստակ երեւում է, որ մատը սփրեյավորված է: Այն, իմ կարծիքով, բավականին արդյունավետ միջոց է՝ կրկնաքվեարկությունն իսպառ բացառելու առումով»:
Իոաննիսյանն ասաց, որ նաեւ մեխանիզմներ են լինելու, որոնք կբացառեն ընտրողներին, այսպես ասած, «հաստիքով օգնողները», կարգավորումներ են լինելու, որ նման սցենարները, երբ 70 տատիկ-պապիկի օգնում է մեկը, բացառեն:
Բացի այս, հաջորդ նորամուծությունն այն է, որ քվեախցիկներից հանելու են գրիչը: Քվեաթերթիկների վրա այլեւս որեւէ նշում չեն անելու եւ այդ խոսակցությունները, որ կարմիր գրիչով է, կանաչ գրիչով է կամ նշումը V-աձեւ է, վանդակի մեջ չի, վերանալու է: Բավական է այն, որ ընտրողը ծրարի մեջ դնի տվյալ քաղաքական ուժի, դաշինքի քվեաթերթիկը:
Այս ամենն արդեն նախագծում գրված է: Թե երբ պատրաստ կլինի նախագիծը, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ հաջորդ շաբաթ արդեն առաջին նախագիծը պետք է որ հրապարակվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ