Հունիսի 20-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում բացված «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառը բավականին բազմամարդ էր: Տոնավաճառը ֆինանսավորվել է ԵՄ կողմից, կազմակերպիչն է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպությունը: Կազմակերպության տարածաշրջանային ծրագրի ղեկավար Արսեն Սիմոնյանը նշեց, որ հրավիրել են երիտասարդների, ակնկալում են ավելի քան 500 մասնակից ունենալ ՀՀ տարբեր մարզերից:
«Հրավիրել ենք շուրջ 50 կազմակերպություն, որոնք կներկայացնեն, թե այս պահին ինչ հնարավորություններ կան երիտասարդների համար, դրա մեջ մտնում են պրակտիկայի, ուսումնառության հնարավորությունները, փոխանակման ծրագրերը, կամավորական, աշխատանքային խնդիրների հետ կապված հարցեր»,-ասաց Արսեն Սիմոնյանը:
Հավելեց, որ կլինեն ցուցահանդեսներ, որոնց միջոցով կներկայացվեն տարբեր կազմակերպությունների առաջարկները, աշխատանքային հանդիպումների ժամանակ «կենդանի գրադարանի» ձեւաչափով հաջողության հասած անհատները կներկայացնեն իրենց անձնական փորձը, կլինեն նաեւ փորձագետներ, որոնք ավելի պրակտիկ խորհրդատվություն կմատուցեն երիտասարդներին, օրինակ, ինչպես դիմել աշխատանքի, ինչպես պլանավորել կարիերան եւ այլն: Այսպիսով` երիտասարդ այցելուներին օգտակար տեղեկատվություն, կապեր հաստատելու, ինքնազարգացման խթաններ գտնելու հնարավորություն կընձեռվի:
«Ունիսոն» կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը նշեց, որ մասնակցում են տոնավաճառին, քանի որ 2007 թվականից հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով են զբաղվում եւ փորձում են իրենց հնարավորություններն ընդլայնել գրականությամբ, խորհրդատվությամբ, տարբեր ծառայություններով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ