«ՀՀԿ-ում լինել գործարար թեւի ներկայացուցիչ՝ նշանակում է թաթախված լինել կոռուպցիայի մեջ, իսկ ՀՀԿ-ի քաղաքական թեւը նպաստում էր դրան»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ անդամ Մանվել Գրիգորյանի շուրջ ԱԱԾ-ի սկանդալային բացահայտմանը, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Ինչպես վարքը ձեւավորվում է իշխանության վերին օղակներում, այնպես էլ ընդօրինակում են մյուս օղակները»,-նշեց նա:
Ըստ Հրանուշ Խառատյանի, Մանվել Գրիգորյանն իշխանական վերնախավում միջին օղակ է՝ ոչ բարձր, ոչ ցածր. «Նրա ռազմական ճանապարհի մասին տեղեկությունները հակասական են: Նա ՀՀ ձեւավորման հենց սկզբից մասնակցել է նաեւ կոռուպցիոն ոլորտի ձեւավորմանը: Ոմանք եւս ներգրավված են դրանում: Բոլորն են իմացել Մանվել Գրիգորյանի գործունեության մասին, բայց հիմա մեղքը մյուսի վրա են գցում»:
Ազգագրագետի բնորոշմամբ, հիմա շատ վերադասավորումներ են ընթանում քաղաքական ուժերի շրջանում, ինչը վտանգներ կարող է պարունակել. «Ներքին «ռեւանշ» կա ոչ միայն ՀՀԿ-ի կողմից, այլեւ նախկին եւ ներկա կուսակցությունների, որոնք տագնապներ ունեն իրենց ապագա ճակատագրի հանդեպ: Վախ ունեմ, որ իրավիճակը կարող է շիկանալ, բախումները չեն բացառվում: ԱԱԾ-ն հայտարարեց, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել իրենց ու վարչապետին, իսկ ես հավատում եմ, որ այդ տեղեկություններն օբյեկտիվ են: Ֆիզիկական վտանգի մասին եւս տեղեկություններ կան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ