Գորիսի պետական համալսարանի 3 ֆակուլտետների դեկաններ՝ Մհեր Քումունցը, Լիլիթ Աթաբեկյանը, Տիգրան Վանդունցը, ինչպես նաեւ համալսարանի մի շարք աշխատակիցներ պահանջում են բուհի ռեկտոր Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը, որը վայելում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հովանավորությունը:
Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը նշեց, որ ռեկտորի նշանակման օրվանից համալսարանում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, նա առանց նախազգուշացնելու համալսարանից ազատել էր դեկաններին, կառուցվածքային փոփոխություններ կատարել:
«Այդ օրվանից համալսարանում գիտակրթական մթնոլորտը խափանված է եղել, դրան հաջորդել են իր հետագա գործողությունները, որոնք առաջացել են դեկանների, ամբիոնների վարիչների ընտրության պատճառով: Համալսարանը շարունակ լարվածության մեջ է: Վերջին օրերին մենք ունեցել են գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում առաջ են քաշվել մեր խնդիրները, սակայն հարգարժան ռեկտորը չի ցանկացել որեւէ խնդիր լուծել: Հնարավոր չէ այսպես շարունակել, ողջ բուհը մտահոգված է համալսարանի խնդիրներով եւ վերջապես համալսարանի երեք դեկանները որոշել են պահանջել Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը»,-ասաց պարոն Քումունցը:
Նրա ձեւակերպմամբ, անձնական ոչինչ չկա Ղուկասյանի դեմ, հրաժարականի պատճառը համալսարանի խնդիրներն են. «Մեր համալսարանում ողբերգություն է դառնում, եթե փորձենք ամբիոնի վարիչ կամ դեկան ընտրել, ինքը մտնում է ամբիոն, լսում է ամբիոնի կարծիքը, հետո գնում է իր սենյակ եւ մեկ ուրիշին է նշանակում ամբիոնի վարիչ: Անընդհատ շոուներ, շոուներ…Գիտական գործընթացը տառացիորեն կաթվածահար է արվել»:
Aravot.am-ը կապվեց նաեւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշ Ղուկասյանի հետ: Նա իր հրաժարականի պահանջը չցանկացավ մեկնաբանել, ընդամենն ասաց, որ դեկաններն իրենց անհատական խնդիրներն են հետապնդում: Չմեկնաբանեց նաեւ իր` Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը լինելու վերաբերյալ հարցը: Չհամաձայնեց, որ համալսարանում չկա գիտակրթական մթնոլորտ, ասաց, որ ամբիոններում ամեն մեկը զբաղված է իր գործով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ