Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականները Նիկոլ Փաշինյանին՝ «Մենք էլ գոյություն ունենք՝ չնայած որ 30 տարի է, անտեսված ենք եղել»

Հունիս 20,2018 14:20

Այսօր Ադրբեջանից բռնագաղթված փախստականները ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության առաջ բողոքի ցույց արեցին: Նրանց խոսքով, նախկին կառավարությունից 30 տարի անտեսված լինելով, եկել են ՄԱԿ-ի միջոցով իրենց խնդիրները բարձրացնելու նոր կառավարության առաջ: Ասում են՝ ոչ գիտեն փախստական են, ոչ գիտեն՝ ՀՀ քաղաքացի են, երկու դեպքում էլ՝ անտեսված են: Արդեն մի քանի տասնյակ տարիներ է այս մարդիկ, որոնք գաղթել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից, ապրում են 16-20 քառակուսու մեջ. նույն տեղում ուտում են, նույն տեղում քնում, զուգարան բաղնիքն էլ նաեւ խոհանոց է ծառայում:

«Էլ չենք դիմանում, այդ պայմաններով ապրելն անհնար է, ընտանիքները աճել են, տղաներ, թոռներ ունենք, այսպիսի անմարդկային պայմաններում ապրելն այլեւս մեր ուժերից վեր է»,-Aravot.am-ի հետ զրույցում իրենց բողոքն այսպես ներկայացրին փախստականները:

Նրանք եկել էին հանրապետության տարբեր քաղաքներից: Ինչպես որ 30 տարի առաջ նրանց հատկացվել են հանրակացարանային սենյակներ, այդպես էլ մինչ օրս այդ սենյակներում են ապրում:

Ցույցի մասնակիցները մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրար հետեւից հանրակացարանները սեփականաշնորհվում են. Ճիշտ է սեփականատերերը պետության հետ պայմանագիր են կապել, փախստականներին հանելու դեպքում պարտավոր են փոխհատուցել, բայց տեղից չեն շարժվում, սպասում են հերթով մահանան:
«Ասում են՝ ինչքան ուզում եք մնացեք, ձեզ ոչ ոք չի հանում, որ կամաց-կամաց մեռնենք մեզնից պրծնեն: Արդեն կեսը մահացել են, մնացածը ծերեր են, մի քանի ջահել է մնացել»,-մեզ հետ զրույցում ասաց Ստելա Դադամյանը:

«Նաիրի» հյուրանոցում ապրող փախստականների խոսքերով, եթե հանրակացարանների սենյակները կառավարությունը սկսել է սեփականաշնորհել այդտեղ ապրող փախստականներին, ապա իրենց պարագայում դա էլ հնարավոր չէ, հյուրանոցի սենյակները ոչ ոք իրենց չի տա, ոչ էլ բնակարան կամ գումար հատկացնելու մասին է խոսք գնում: Ուր դիմել են՝ մերժումներ են ստացել՝ գումար չկա: Նրանց նամակները կարուսելի պես մի գերատեսչությունից մյուսն են պտտվել, վերջում հանգրվանել են Միգրացիոն ծառայությունում:

«Մենք ոչխարներ չենք, մարդիկ ենք, որոնք նույնպես ուզում են ապրել»,-ասում է Սվետլանա Նալբանդյանը, որը Կիրովաբադում երկու հարկանի տուն է թողել, այժմ երեխաներով, թոռներով մի քանի քմ բնակարանում է ապրում:

Փախստականները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, պատգամավորներին, Մարդու իրավունքների գրասենյակին:

Այսօր նրանք ՄԱԿ-ի գրասենյակից երթով շարժվեցին դեպի կառավարություն՝ հանդիպելու փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Նրանց բողոքը լսելու դուրս եկավ պարոն Միրզոյանի օգնականը: Ասաց, որ խնդիրը կուսումնասիրեն ու կպատասխանեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930