Լրահոս
Օրվա լրահոսը

GAIFF Pro-ն ներկայացրեց որոշ արդյունքներ

Հունիս 20,2018 14:08

GAIFF Pro ղեկավար Մելիք Կարապետյանը հիշեցրեց, որ ապրիլ ամսից խոսվել է թեմայի վերաբերյալ: Նա նշեց, որ առաջին անգամ սկսում են GAIFF Pro հարթակը, որով փորձելու են ստեղծել Փոքր Կովկասի համար ֆիլմերի պրոֆեսիոնալ հարթակ: Ասաց նաեւ, որ ամեն ինչը սկսել են ֆիլմերի նախագծերի շուկայից, հայտարարվել է մրցույթ, ստացվել են հայտեր Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Իրանից: Ադրբեջանից ոչ ոք չի դիմել: Առաջին տարվա համար ընտրված նախագծերը 12-ն են:

Անդրադարձ եղավ տեղական կինոռեժիսորների համար անցկացվող Սինեմիտք դասընթացների ծրագրին: Մելիք Կարապետյանը հայտնեց, որ այդ հարթակը ստեղծվում է նրա համար, որ կինոարտադրության ոլորտը զարգանա թե Հայաստանում, թե տարածաշրջանում:

«Ծրագիրը ներկայացրել ենք Ռոտերդամում, Բեռլինում, Կաննում, հանդիպումների ժամանակ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել, տեսնենք, թե «Ոսկե ծիրանի» ժամանակ ինչպես կգործի: Իհարկե, առաջին տարին է, կունենանք խնդիրներ»,-հայտնեց ծրագրի ղեկավարը: Նա հավելեց, որ ընտրող հանձնաժողովը եղել է միջազգային, որն էլ որոշել է, թե որ նախագծերն են հետաքրքիր: «Քանի որ փորձ է արվելու համատեղ արտադրության, ուզում ենք, որ աշխատեն տարածաշրջանային տարբերակները, ասենք՝ հայ-թուրքական, հայ-վրացական»,-ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, եվրոպացի պրոդյուսերները կունենան հնարավորություն տարածաշրջանից մեկ տասնյակից ավելի հետաքրքիր նախագծերի հանդիպել, ինչը իրենց գրավում է: «Ինչ վերաբերում է հայկական նախագծերին եւ Սինեմիտքին, նշեմ, որ Պարսկաստանը տարեկան 100 ֆիլմ է արտադրում, վերջին տարիներին ինտենսիվ զարգանում է Վրաստանը, ունի բավականին լավ արդյունքներ, մրցանակներ, Թուրքիան էլ մեծ կիոարտադրություն ունի: Մենք, ցավոք, բավականին հետ ենք, եւ այդ պատճառով է, որ երբ Սինեմիտքը որպես գաղափար եկավ, նպատակ ունեինք, որ մեր գաղափարներն ու պատմություններն այնպես ձեւավորված ունենանք, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ, եւ դա արվեց նախապես: Եվ եթե հետագայում կարողանանք շարունակել ֆինանսավորումը Սինեմիտքի, տարվա ընթացքում 3 անգամ անցկացնենք, դա նշանակում է, որ 30 նախագիծ կկարողանան սկսել իրենց զարգացումը»,-ասաց Մելիք Կարապետյանը:

Ասուլիսի ժամանակ տեղեկացրին, որ 10 հայկական նախագծեր կներկայացվեն պոտենցիալ դոնորներին, դրանք փորձ կարվեն պաշտպանել «Ոսկե ծիրանի» ժամանակ, այնուհետեւ զարգացնել միջազգային մակարդակով:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ «Ոսկե ծիրանի» փափագն էր ունենալ նման ծրագիր, ինչպիսին GAIFF Pro-ն է, քանի որ փառատոնը առաջին իսկ տարիներից տարբեր ձեւաչափերով ունեցել է նախագծերի զարգացման հարթակներ: Նրա խոսքերով, սակայն, այժմ ձեւավորում են նոր հարթակ, որի արդյունքում մի տանիքի տակ են հավաքվելու բոլորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930