Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Փաշինյանն եկել է, բռնում է էս օգտագործողներին, օրենքը չի փոխվել»

Հունիս 20,2018 13:46

Կալանավայրից դուրս գալուց հետո Սեյրան Օհանյանին հանդիպե՞լ եք` հարցին այսօր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսպես պատասխանեց. «Կապ չունի`հանդիպել եմ, չեմ հանդիպել: Արդեն հարցեր եք տալիս, որը ձեզ… ընդհանրապես մթնոլորտի հետ կապ չունի»:

Հիշեցնենք, Սամվել Բաբայանն, որի խափանման միջոցն օրեր առաջ փոխվեց, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մասնակցում էր «Սասնա ծռերի» դատին:

Լրագրողները հետաքրքրվեցին`առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ինչ-որ տարբերակով ինքը մասնակցելո՞ւ է դրանց: «Կտեսնեք»,-կարճ եղավ Սամվել Բաբայանի պատասխանը:

Իր`Արցախ վերադառնալու մասին հարցին էլ այսպես պատասխանեց. «Ղարաբաղ վերադառնալ-չվերադառնալու խնդիր չկա: Կա մի պետություն`ՀՀ, որն իր համար պետք է որոշում կայացնի. իշխանություն է փոխվել, պիտի որոշեն էնտեղ ո՞ւմ են տեսնում, ի՞նչ են անում: Եթե կտեսնեն, որ ինձանով են վարվում, ես խնդիր չունեմ»:

Սամվել Բաբայանն ասաց, որ ինքն այդ մասին որեւէ մեկի հետ չի խոսել: «Ես չեմ եկել ստեղ կամ ընդեղ: Ես համարում եմ ընդհանուր մի Հայաստան: Եթե իշխանությունները ինձ կկապեն էդ հատվածի հետ… ոչ թե ես չեմ ուզում գնամ, անեմ, այլ որոշողը ես չեմ, դուք եք»,- շարունակեց նա:

Լրագրողները հիշեցրին, որ ինքը ժամանակին խոսում էր կոռուպցիայի մեջ թաթախված գեներալների մասին եւ հորդորեցին`անուններ հնչեցնել: «Կարող եմ ասել դու ինչ ունես, բայց կլինի որ «շառով» եմ տալիս, դատարանն է որոշում»,- ասաց Սամվել Բաբայանը`հավելելով. «Չի կարա, չէ,՞ աշխատավարձով մարշալ լինես, գեներալ լինես, ռեստորաններ ունես, առանձնատներ. հարց է ծագում չէ,՞ որտեղից»: Լրագրողների պնդմանը`անուններ հնչեցնել, Սամվել Բաբայանը հակադարձեց. «Ինչքան գեներալ գիտես`ցուցակ արա, քննչական գոտուն ուղարկի»:

Ապա շարունակեց. «Ում դուք գեներալ եք համարում, 98 տոկոսին ես կոլխոզի նախագահ եմ համարում: Իմ մոտ դրանք բոլորը ծառայել են: Մեկն եկել է ասել`թուղթ տուր «ռազրիշենի» տուր, տասը մեքենա փետ տանեմ, մթոմ զոհվածների համար է տանում, տարել է`ծախել, մեկը եկել է ավտոմատը դրել է դիակի տակը, բռնել եմ եւ այլն, եւ այլն… ես էդ թալանչիներին վաղուց գիտեմ: Հիմի էս իշխանությունը սարքել է, որ էդ մարդիկ անձեռնմխելի են: Դրանք եղել են ժամանակին, անկեղծորեն եմ ասում, տուզիկ: Դրանց, որ կանչում էիր քո մոտ, մի հինգ հոգուց հարցնում էին`«նաստաենին» ոնց է: Հիմի դուք ասում եք, սրանք հեսա սաղիս ուտելու են…խի՞. որովհետեւ իշխանությունն ինքն է: Պետական մեքենան անձի համար օգտագործում են: Օրենքը չի գործում, պետությունն ասել է` Էջմիածնի սմատրյաշին դու ես»:

Սամվել Բաբայանը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը «մինչեւ վերջ» գնալու է, բայց մի դիտողություն ունի. «Ես ինչքան Փաշինյանին գիտեմ, ինքը մինչեւ վերջ գնալու է: Ստեղ խնդիրը նա է, որ օրենսդրական բազան հետը պետք է փոխվի: Փաշինյանն եկել է, բռնում է էս օգտագործողներին, օրենքը չի փոխվել, իսկ ո՞վ է ասել, որ երկու տարուց հետո չենք շարունակելու դրանից հաճույք ստանալ: Դրա համար օրենսդրական բազան պիտի փոխվի, որ օրենքի շրջանակում ամեն ինչ լինի»:

Ասում է`ապակենտրոնացված իշխանություն պետք է լինի, երեխան դպրոցից պետք է ազատ մտածելակերպ ունենա: Հիշեցնում է`ինքը 1999 թվականին այդ ամբողջը փոխել է Արցախում. «2001-ին ձեր սիրած դեմոկրատները եկել են, վերցրել են, մի հրամանով հեչ արել էդ ամենն ու նորից անցել նշանակովի պաշտոններին»: Նա մեղադրեց լրատվամիջոցներին այդ ամենը տեսնել եւ լռելու, հանդուրժելու մեջ, քանի որ «իրանցից էիք սնվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930