«ԲՀԿ-ն ՀՀԿ-ի մի թեւն է, ուղղակի ՀՀԿ-ի լիազորություններն անհամեմատ ավելի մեծ են եղել բոլոր ժամանակներում: Իսկ անձերի եւ շահերի իմաստով էլ չասեմ, թե ինչ բոցավառ ելույթներ ունեցան ԲՀԿ-ականները: Հասկանալի է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ձեռագիրն է կրում եւ օգտագործվել է ՀՀԿ-ի քրեական գործունեությունը պաշտպանելու համար»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը այսօր անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մասին երեկ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ելույթներին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա բնորոշմամբ՝ ԲՀԿ-ն նպաստել է ՀՀԿ-ի իշխանության գալուն, հիմա էլ իրեն դրության տեր է զգում եւ բարձրաձայն արտահայտում դա:
«Դա, իհարկե, իրենց իրավունքն է, բայց հասարակության ընկալման տեսանկյունից կարծիքները տարբեր են: Երկիրը կոռուպցիայից մաքրելու հարցում կապ չունի, թե ինչ կուսակցություն է ակտիվ: Այդ պայքարը կուսակցականացված չպետք է լինի: Վստահ եմ, որ ԲՀԿ-ի անձինք եւս ներգրավված են կոռուպցիայի մեջ, բայց իրավապահներից առաջ չընկնեմ եւ անուններ չհնչեցնեմ»,-ակնարկեց Հրանուշ Խառատյանը:
Նա կարծում է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումներից հետո ԲՀԿ-ն արդեն քայլեր է արել՝ պաշտպանելու իր կուսակիցների քրեական հարաբերությունները. «Առաջիկայում կերեւա՝ իրավապահները կուսակցական խտրականություն անո՞ւմ են կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում, թե ոչ»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործով քննություն է ընթանում, իսկ նրա պաշտպանները հանրությանը հորդորում են չխախտել անմեղության կանխավարկածը եւ սպասել դատավճռին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ