Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանի տուշոնկան հաստատ բյուջեն չի լցնի. պետք է նաև պարզել՝ ո՞վ բարձեց երկրապահի պահեստներից և տարավ Մանվել Գրիգորյանի տարածք». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 20,2018 12:22

«Սա միջինների դասն էլ չէ, նրանից շատ ավելի հզոր թալանչիներ կբացահայտվեն»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ բոլորն էլ գիտեին, որ թալանում են, բայց որ այս մակարդակի կարելի է իջնել, սա չէինք պատկերացնում: Ըստ հոգեբանի՝ այս իրադարձություններից հետո ձեռքբերումն այն է, որ  սրվեց արդարության զգացումը, բացվել է Մանվել Գրիգորյանի թալանը: Ըստ նրա՝ սա ռեալ պայքար է. «Շոկային էր, ասում էին՝ ավելի լավ է այդ տեսանյութերը ցույց չտային: Բայց լավ է այն, որ հիմա բոլոր պաշտոնյաները շատ վախեցած են»:

Պարոն Խուդոյանը Մանվել Գրիգորյանի կատարածը բնութագրեց որպես խրոնիկական գող: Բնութագրելով Մանվել Գրիգորյանի ներկայիս հոգեվիճակը՝ հոգեբանը նշեց. «Ըստ իս` ինքը հիմա ավելի շատ ճանապարհներ է փնտրում, իր մոտ կա այդ դեպրեսիայի, խղճի խայթի արտամղում: Երևի մտածում է՝ ո՞վ չի կերել»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Մանվել Գրիգորյանի «տուշոնկան» հաստատ բյուջեն չի լցնի: Նա մտահոգություն հայտնեց՝ սկսվեց մի նոր խայտառակություն, որը մեր նորագույն պատմության ամենասև էջերից է. «Այն գրվեց այն երրորդ դասարանցու ձեռագրով, որը նամակ էր գրել հայ զինվորին սահմանի վրա և հայտնաբերվեց Մանվել Գրիգորյանի պահեստում: Մանվել Գրիգորյանը ձեռք բարձրացրեց այն սրբագույն զգացմունքի վրա, որ տասը տարեկան աղջիկը կարող է տարածել իր երկրի պաշտպանի վրա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք արժե՞ր ցույց տալ այդ տեսանյութը, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նկատեց. «Միգուցե այս նկարահանումները պետք էին էջմիածինցուն, որը ստրկացել էր: Ես մտածում էի, որ մեր հարևան ադրբեջանցիները չտեսնեն այդ ամենը: Խոսքը Արցախի հերոսի մասին է: Բայց կան նման առնետներ, որ զբաղվում են գողությամբ: Կրկին հարց է բարձրանում նույն ՊՆ-ի համար: ՊՆ-ն ունի հատուկ կառույց, որը պետք է զբաղվի օպերատիվ հետախուզական միջոցառումներով: Ճիշտն ասած՝ թշնամու լրտեսի բռնելը կարող եմ համեմատել խտացրած կաթ գողացողի հետ: Չեմ իմանում, որ մեկն ավելի մեծ վնաս կհասցնի իմ հայրենիքին: Այս խայտառակությունը որքան արագ մենք մոռանանք, միգուցե այդքան հանգիստ կապրենք: Սա նրանց ճակատին ամոթի, ստորության խարանն է»:

Արցախյան ազատամարտի մասնակից Վոլոդյա Հովհաննիսյանը հիշեցրեց այն, որ ՀԱԲ-ի զինվորներից մեկը՝ Աշոտ Նալջաչյանը, սոված դեղերի կարիքով, անտուն, անտեր մահացել է. «Երբ կադրերը նայում էի, ես խոր ցնցում ապրեցի: Բայց Մանվելի դերակատարումը Հադրութում և Մարտակերտում մեծ է: Այդ հաղթանակ բերած մարդը չկարողացավ իր բարձրության վրա գտնվել: Սիսիանի երկրապահի պահեստը Թալիշում էր գտնվում: Բաշխումը պահեստներից կենտրոնացված չի եղել:

Aravot.am-ի հարցին՝ մի՞թե հարց չէ այն, թե ով է հրաման տվել բաշխման, ո՞վ է հրաման տվել, որ զինվորին ուղարկված օգնությունը ուղարկվել է երկրապահի պահեստ, բանախոսները նշեցին, թե դա կպարզի քննությունը:

Վոլոդյա Հովհաննիսյանը հավաստիացրեց՝ չգիտի, թե ինչպես են մատակարարման խնդիրները լուծվել, իրականում կենտրոնացված չի եղել:

Մեր մյուս հարցին՝ միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվության ենթարկվի, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Նախ պետք է մեկ առ մեկ պարզվի՝ ով հասցրեց այնտեղ, ով բարձեց երկրապահի պահեստներից և տարավ այդ նամակների հետ Մանվել Գրիգորյանի տարածք: Այն էջմիածինցի կնոջ բաց նամակն էլ պատահական չէր:  Պետք է քննություն գնա, ՊՆ-ով պետք է լրջագույնս զբաղվել»:

Այն՝ արդյոք պե՞տք է երկրապահը զինաթափ անել, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Երկրապահը վերածվեց ցանկացած նախագահի զինված ջոկատի: Հատկապես դա ակնառու դարձավ հոկտեմբերի 27-ից հետո: Դա ՀՀԿ-ի զինված, անպատիժ ջոկատն էր»:

Ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի՝ այժմ երկրապահը ծանր բարոյահոգեբանական վիճակում է, բայց պարտված չէ. «Երկրապահն աղավաղվեց, դարձավ խամաճիկ կառույց, բայց երկրապահի դերակատարությունը մեծ է և կլինի առաջիկա տասը տարիներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնական կռվող ուժը, որ առաջինը գնաց, կանգնեց զինվորի կողքին, և Ադրբեջանը զգաստացավ, երկրապահն է: Եթե ինչ-որ մեկը Մանվել Գրիգորյանի վատ արարքի պատճառով փորձում է երկրապահին ոչնչացնել, չեզոքացնել, ուղիղ հարվածում է մեր պետությանը և պաշտպանությանը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930