Հունիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ Սևակյան երեկո` նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, արվեստագետներ, թանգարանի բարերար Հովհաննես Չիլինգիրյանի դուստրը՝ Շամիր Չիլինգիրյանն իր ամուսնու` Հակոբ Ավագյանի հետ:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, այնուհետև արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը և «Նաիրյան» վոկալ անսամբլը: ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն ասմունքեց Ռուբեն Սևակի բանաստեղծությունները:
Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Մայր Աթոռում Ռուբեն Սևակի անվան թանգարանի հիմնադրմանը և թանգարանի բարերար Հովհաննես Չիլինգիրյանի այն երազին, որ թանգարանի յուրաքանչյուր այցելու հաղորդ դառնա այն մեծագույն ողբերգությանը, որ վերապրել է մեր ժողովուրդը անցնող դարասկզբին, որպեսզի Ռուբեն Սևակի և իր գրչակից ընկերների պատմությունը հասանելի դառնա յուրաքանչյուրին:
Վեհափառ Հայրապետը խոսեց Ռուբեն Սևակի լուսավոր կերպարի մասին, որով կրթվել և կրթվում են սերունդներ: Սևակի ոգին, ըստ Նորին Սրբության, դրսևորվեց նաև արցախյան գոյամարտի օրերին, և յուրաքանչյուր նման քաջագործությամբ նորովի են ապրում հայոց ազգի արի սուրբ նահատակները, որոնք հավերժության ճամփորդ դարձան հերոսությամբ և իրենց անձերի նահատակությամբ:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն երախտագետ սրտով վերստին շնորհակալություն հայտնեց բարերարի ընտանիքին` հայ ժողովրդին հիշատակի նման գեղեցիկ անկյուն պարգևելու համար, ուր այցելուները ոչ միայն ծանոթանում են Սևակի կայանքին ու ժառանգությանը, այլև ճանաչում նրա ոգին:
Մայր Աթոռի Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանը բացվել է 2013 թ. սեպտեմբերի 10-ին: Թանգարանում ցուցադրվում են նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, ածխանկարներ և հայ արվեստի արժեքավոր գործեր, ինչպես նաև արևմտահայ նկարիչների բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ` Մայր Աթոռին նվիրաբերված ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի կողմից:
Սեպտեմբերին թանգարանը կտոնի իր հնգամյակը: Այդ կապակցությամբ կսահմանվի Ռ. Սևակի անձին, կյանքին և ժառանգությանը նվիրված Սևակյան մրցանակ, որը շնորհվելու է մշակույթի, արվեստի, գրականության և երաժշտության ասպարեզում արձանագրված ձեռքբերումների համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի