Առաջիկա օրերին Կապանի համայնքի ավագանին արտահերթ նիստ կհրավիրի` քննարկելու ԵԿՄ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, Կապանի պատվավոր քաղաքացի գեներալ Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը։ Կապանի պատվավոր քաղաքացու կոչումը նրան տրվել է տարիներ առաջ՝ 2003 թվականին հանրապետական քաղաքապետ Արմեն Կարապետյանի առաջարկությամբ։
Չնայած ներկայիս քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նույնպես հանրապետական է, բայց նրան կից գործող հանրային խորհուրդը երեքշաբթի քննարկեց եւ կապանցիների առաջարկը ներկայացրեց քաղաքի ավագանուն՝ զինվորի հացը գողացած գեներալին զրկելու պատվավոր քաղաքացու կոչումից։
Ի դեպ, ավագանու որոշումից հետո Սյունիքի մարզկենտրոնի պատմության թանգարանից պատվավոր քաղաքացիների լուսանկարների շարքից կհանվի Մանվել Գրիգորյանի լուսանկարը։
Այս պահին Կապանի պատվավոր քաղաքացիների թիվը 45 է, որոնց թվում են գեներալներ Մուրազ Սարգսյանը, Միքայել Գրիգորյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, 1996 թվականի վարչատարածքային բաժանումից հետո՝ Կապանի առաջին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը, Սյունիքի նախկին մարզպետներ Ռոման Նավասարդյանն ու Էդիկ Բարսեղյանը («Լոնդիկ»), ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ այլք՝ արվեստի գործիչներ, բժիշկներ, գործարարներ, հանքագործներ:
Նշենք նաեւ, որ Կապանի համայնքի ավագանու 15 անդամից 8 -ն արդեն դիմել են քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին արտահերթ նիստ հրավիրելու հարցով՝ Կապանի ավագանու 2003 թվականի համապատասխան որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին օրակարգով։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Իմաստ չունին ներկայիս այն բոլոր հակա-Մանուէլեան գործողութիւնները երբ տարիներով շոյեցին փառաբանեցին -օգտուեցան ՛՛ գիտնալով հանդերձ ՛՛ անձին ով և ինչ ըլլալը – իրենց եռանդը զրկելու կամ չզրկելու Մանուէլը ոչ մէկ նշանակութիւն ունի – Համայն աշխարհը գիտէր թէ ՛՛ Զօրավար Մանուէլը՛՛ պաթոլոժիք պարագայ մըն էր ՛՛հանդուրժուած՛՛ աւելի հոգեբուժական խնամքի կարօտ քան ուրիշ բան;
Պատմութիւնը կը կրկնուի – Յիսուս 3 տարի պաղեստինի բազմութիւնները կերակրեց-անոնց հիւանդները բժշկեց – ՛՛ովսաննաներով ՛՛Երուսաղէմ մտաւ և մի քանի օր վերջ նոյն այդ ժողովուրդը կը
գոռար ՛՛ ԽԱՉԵՍՑԻ – ԽԱՉԵՍՑԻ ; Մենք մի քիչ աւելի իմաստուն գտնուինք և թողունք որ պատասխանատու մարմինները հարկ եղածը գործադրեն – Անոնք ոչ Պիղատոս են -ոչ Կայափա – հաւատացած ենք որ Երկրին ընդհանուր շահը կը հետապնդեն ;