Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանում է «Առավոտի» հրապարակմանը

Հունիս 20,2018 13:30

«Առավոտ» օրաթերթի հունիսի 9-ի համարում «Ընդհանուր հսկողությունով հերիք է տեռոր անեք» վերտառությամբ հրապարակվել է հարցազրույց փաստաբաններ Ա. Սիրունյանի եւ Կ. Կիրակոսյանի հետ, որտեղ նրանք, առանձին քրեական գործերի հանգամանքների անդրադառնալով, դիմելով մանիպուլյացիոն պարզունակ հնարքների, իրողությունների խեղաթյուրմամբ հանիրավի մեղադրանքներ են հնչեցնում ՀՀ գլխավոր դատախազության հասցեին: Թյուրըմբռնումներ թույլ չտալու համար, ուշադրություն հրավիրելով հարցազրույցում հնչած առանձին պնդումների անտրամաբանականության վրա, հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը:

Ցավալի է, որ դատախազության համակարգից դուրս եկած փաստաբան Ա. Սիրունյանը բավարար տեղյակ չէ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության իրավասություններից, երբ պնդում է, թե «չկա մի նորմ, որով սահմանված լինի, թե գլխավոր դատախազությունը կարող է «ուսումնասիրություն» կատարել»: Ի գիտություն նրա՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով հստակ եւ հասկանալի շարադրված է, որ դատախազը բացառիկ դեպքերում եւ կարգով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իր սահմանադրական լիազորությունն իրացնելու համար իրավունք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր, այլ տեղեկություններ եւ այլն: Գործող իրավակարգավորումների վերլուծությունից (հուսանք՝ նախկին դատախազ-փաստաբանը նաեւ վերլուծություն կատարելու դատախազության իրավունքը չի վիճարկում) պարզ է դառնում, որ դատախազը հենց այդ փաստաթղթերի, տեղեկությունների, իրավական ակտերի համադրված ուսումնասիրությունների արդյունքում կարող է միայն պարզել՝ առկա՞ են արդյոք հայց հարուցելու, այդ շրջանակում նաեւ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր, թե՞ ոչ: Տվյալ դեպքում «ուսումնասիրություն» հասկացությունը չի կարելի նույնացնել ստուգման, միջամտություն ենթադրող այլ գործողության հետ։

Հարցազրույցում պարոն Սիրունյանը, առանց որեւէ փաստ ներկայացնելու, իրեն իրավունք է վերապահում ՀՀ գլխավոր դատախազությանը մեղադրելու կեղծված փաստաթուղթ դատարան ներկայացնելու մեջ: Խոսքը վերաբերում է Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Ս.-ի գործին, որի շրջանակում Ա. Սիրունյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշելով, որ իր վստահորդի վերաբերյալ դատարանին ներկայացված փաստաթղթերը չեն թարգմանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ դրանք համարելով կեղծ: Այդ փաստաթղթերի թարգմանությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կատարված լինելու մասին դատախազության պարզաբանման դեմ նրա կողմից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացվել, որը դատարանի որոշմամբ մերժվել է: Ներկայումս Ա. Սիրունյանի կողմից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է բողոք՝ իր «հաղորդումը» ՀՀ գլխավոր դատախազության կողմից հավուր պատշաճի չքննարկելու եւ համապատասխան ընթացք չտալու միջոցով իր եւ Ա.Ս.-ի իրավունքները խախտելու վերաբերյալ: Սակայն փաստն այն է, որ թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թե ՀՀ վերաքննիչ դատարանը, անդրադառնալով փաստաբանի կողմից վիճարկվող թարգմանության կեղծ լինելուն, նման փաստ չեն արձանագրել:
Նույն կերպ, անցնելով պատշաճության սահմանները, Սիրունյանը խեղաթյուրել է այդ գործի շրջանակներում դատախազության ներկայացուցչի հետ ունեցած պաշտոնական նամակագրությամբ արտահայտված վերջինիս գրավոր խոսքը: Նման աղավաղումներով ճշմարտացիության պատրանք ստեղծելն էժանագին հնարք է:
Հարցազրույցում նրա գործընկեր Կարեն Կիրակոսյանը նշում է, թե մաքսանենգության հետ կապված մի գործի շրջանակներում դիմել է դատախազին՝ նշելով, թե քսան օր առաջ դատարանի վարույթում հայտնված քրեական գործի նյութերին չի ծանոթացել, պաշտպանյալի հետ մեկ տարի է՝ քննիչը առերեսում չի կատարել: Նա նշել է նաեւ, թե իր պաշտպանյալը մեկ տարի է՝ կալանքի տակ է եւ հաշմանդամ է դարձել «չպարզված հանգամանքներում բուժհաստատություններից մեկի երկրորդ հարկից ընկնելով, որն ուղեկցվել է, եւ մի ձեռքն էլ ձեռնաշղթայով էր…»:
Մինչդեռ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ նրա պաշտպանյալ Ա. Կ.-ն 2017թ. հունիսի 8-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 2-րդ հարկի պատուհանից ցած է նետվել փախուստ կատարելու եւ մարմնի` ուղիղ աղու մեջ պահված թմրամիջոցները թաքցնելու նպատակով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ցած նետվելու պահին նրա ձեռքերին ձեռնաշղթաներ չեն եղել, ինչը հաստատել է Ա. Կ.-ն ինքը՝ 2017թ. նոյեմբերի 14-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս: Ավելին, այդ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նա, անձամբ գրի առնելով, բացատրություն է տվել, որ ոչ ոք իրեն չի ստիպել ցած նետվել, ու որեւէ մեկի հանդեպ բողոք կամ պահանջ չունի:

Ինչ վերաբերում է քրեական գործի նյութերին ծանոթ չլինելու, իր պաշտպանյալի հետ առերեսում չկատարվելու մասին պնդումներին, ստիպված ենք գործընկերոջը հիշեցնել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2018թ. մայիսի 5-ին, ապա նաեւ մայիսի 7-ին նախաձեռնվել է առերես հարցաքննություն նրա պաշտպանյալ մեղադրյալ Ա. Կ.-ի եւ վերջինիս կողմից բժշկական կենտրոնի պատուհանից ցած նետվելուն, մարմնի մեջ թաքցված թմրամիջոցները դեն նետելուն ականատես վկաների հետ: Այս մասին սահմանված կարգով տեղեկացվել են մեղադրյալը եւ նրա պաշտպան Կ. Կիրակոսյանը: Սակայն երկու դեպքում էլ պաշտպանը չի ներկայացել քրեակատարողական հիմնարկ, իսկ մեղադրյալը՝ քննչական սենյակ, որի պատճառով հնարավոր չի եղել կատարել նշված առերես հարցաքննությունները:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ինչպես մեղադրյալը, այնպես էլ պաշտպանը բազմիցս տեղեկացվել են, որ քրեական գործով հավաքված ապացույցները բավարար են գործով մեղադրական եզրակացություն կազմելու համար, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանվել է գործի նյութերին ծանոթանալու տեղը եւ ժամանակը: Սակայն ինչպես մեղադրյալը, այնպես էլ պաշտպանը, սահմանված ժամանակում չեն ներկայացել, որի վերաբերյալ կազմվել եւ քրեական գործին են կցվել համապատասխան արձանագրություններ:
Տարածքի սղության պատճառով չանդրադառնալով հարցազրույցում տեղ գտած մյուս պնդումներին՝ գործընկերներին հորդորում ենք դադարեցնել հանրային հարթակները ստահոդ տեղեկատվություն տարածելու համար օգտագործելու եւ նման աղավաղումների միջոցով սեփական անձերի շուրջ զոհի կերպար ձեւավորելու պրակտիկայից:

ՀՀ գլխավոր դատախազության
հանրային կապերի բաժին

«Առավոտ»

19.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930