Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1988 թվականի երկրաշարժից հետո մինչ օրս անօթեւան են

Հունիս 20,2018 13:00

2008 թվականի նոյեմբերի 1-ին Սպիտակի քաղաքապետի որոշմամբ Նազարյանների ընտանիքը երեք անձով (Ռազմիկ Նազարյան, Նատալյա Նազարյան եւ Անուշ Նազարյան) հաշվառվել են Սպիտակի՝ «Աղետի հետեւանքով անօթեւան մնացած անձանց հերթացուցակում` երկու սենյականոց բնակարան ստանալու համար:

Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ, քննարկման առարկա է դարձրել Ռազմիկ Նազարյանի ընտանիքին շահառու ճանաչելու հարցը: Վարչական վարույթի արդյունքում Ռազմիկ Նազարյանը եւ կինը չեն ճանաչվել շահառու, իսկ Անուշ Նազարյանը մեկ անձով ճանաչվել է շահառու` մեկսենյականոց բնակելի տուն ստանալու համար: Ըստ վարչական դատարանում առկա գործի նյութերի, Ռ. Նազարյանի մասով ընդունված միջամտող վարչական ակտի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Սպիտակի քաղաքապետի կողմից 2002 թվականի ապրիլի 12-ին տրված բնակելի տարածության թիվ 20 օրդերի համաձայն` Ռ. Նազարյանի 7 անձից բաղկացած ընտանիքին (Ռազմիկ Նազարյան, Նատալյա Նազարյան եւ իր որդու 5 անձից բաղկացած ընտանիքը) Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի ապրիլի 10-ի թիվ 44 որոշման հիման վրա հատկացվել է Սպիտակի Սուրեն Ավետիսյան փողոցի շենքերից մեկում 3 սենյականոց բնակարան: Սպիտակի քաղաքապետի 2012 թվականին հոկտեմբերի 8-ի թիվ 351 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել քաղաքապետի 2002 թվականի նշյալ որոշման հիման վրա որդու ընտանիքին հատկացված բնակելի տարածության օրդերը՝ ուժի մեջ թողնելով Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի հուլիսի 19-ի թիվ 154 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության օրդերը: Այսինքն` վերացել է այն փաստական հիմքը, որը հիմք է հանդիսացել միջամտող վարչական ակտ ընդունելու համար:
2016 թվականի մարտի 10-ին հայցվորը դիմում է ներկայացրել հանձնաժողովին, հայտնելով, որ իր եւ իր կնոջ մասով միջամտող վարչական ակտ կայացնելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքը վերացել է եւ հանձնաժողովից խնդրել է վերանայել իր ընտանիքի մասով միջամտող վարչական ակտը, ընդունել որոշում, որով ուժը կորցրած կճանաչվի հանձնաժողովի` 11.09.2012 թվականի որոշումը, իրենց էլ ճանաչեն որպես շահառու: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի գրությամբ մերժվել է դիմումի բավարարումը:

Հայցվորի կարծիքով, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի կողմից տրված գրությամբ մերժումը հանդիսանում է ոչ իրավաչափ, քանի որ առկա է եղել բավարար փաստական եւ իրավական հիմք հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու եւ բարենպաստ վարչական ակտի նախագիծ կազմելու համար:
Հայցվորի դիտարկմամբ. «Հայցի բավարարման համար անհրաժեշտ է հիմք ընդունել նաեւ այն փաստարկը, որ Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրվել է այն սկզբունքը, որով պետք է ռեալ աջակցություն ցուցաբերվի սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին, մասնավորապես, «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 կետով սահմանվում է, որ բնակարանային ոլորտում անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար համալիր ծրագրով նախատեսվում է պետական պարտավորությունների ձեւավորման եւ աջակցության տրամադրման հետեւյալ սկզբունքները՝ ապահովել բնակարաններով երկրաշարժի հետեւանքով քանդված կամ քանդման ենթակա բազմաբնակարան տների սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին»: Ռազմիկ Նազարյանը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով հերթագրված է Սպիտակ քաղաքի աղետի հետեւանքով անօթեւան մնացած անձանց հերթացուցակում մինչ օրս:
Ըստ երկրորդ կողմի՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի իրավական դիրքորոշման, հայցն անհիմն է, քանի որ «Տվյալ դեպքում Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի ապրիլի 10-ի թիվ 44 որոշմամբ՝ հայցվորի ընտանիքին տրամադրվել է երեքսենյականոց բնակարան: Որոշման հիման վրա 2002 թվականի ապրիլի 12-ին տրվել է բնակելի տարածության թիվ 20 օրդերը, որտեղ հայցվորի անունը նշված է ընտանիքի անդամների ցանկի 6-րդ տեղում: Հայցվորի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման մասին նշյալ փաստը հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել նրան շահառու չճանաչելու համար»:

Ի դեպ, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչն առարկել էր հայցի դեմ, հայտնելով, որ հայցվորի կողմից բաց են թողնված դատարան դիմելու ժամկետները:
Վարչական դատարանը մերժել է Նազարյաններին, եւ երկու հատորանոց վարչական գործը վերաքննիչ վարչական դատարանում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

19.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930