Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ հայ երաժիշտը՝ մշակույթը մաքրելու եւ «նյուրնբերգյան դատավարության» մասին

Հունիս 20,2018 12:30

Հարցազրույց դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Ահարոնյանի հետ

– Արեւմտյան մամուլը ձեզ անվանում է մարդ-նվագախումբ: 1980 թվականից ԱՄՆ-ում հաստատվելուց հետո համագործակցել եք հայ եւ օտարազգի երաժիշտների հետ, թողարկել շուրջ 1600 CD, որոնց երաժշտական ձեւավորման եւ գործիքավորման հեղինակն եք…

– Միայն 36 տարի հետո՝ 2016թ. այցելեցի հայրենիք, ունեցա չնախատեսված 8 համերգ Երեւանում, Գյումրիում, Արցախում: Իսկ ԱՄՆ տեղափոխվելը իսկապես ընտանեկան պայմաններից էր բխում. 1978-ից կինս ու որդիս այնտեղ էին: 1973թ. ավարտելով Երեւանի կոնսերվատորիան, արդեն մեկ տարի հետո ղեկավարն էի ԽՍՀՄ-ում ճանաչված «Ուրարտու» վոկալ-գործիքային անսամբլի…

– Ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանում ուսում ստացած բարձրակարգ երաժիշտը հայտնվում է ԱՄՆ-ում եւ անմիջապես նրա փառքը տարածվում է աշխարհով մեկ: Միայն չասեք, թե Ամերիկան ձեզ էր սպասում: Չե՞ք կարծում, որ եթե մնայիք Հայաստանում, նման ճանաչման չէիք արժանանա:

– Ինձ, ինչպես նաեւ Ամերիկա տեղափոխված՝ այսօր ճանաչված շատ արվեստագետների այդ երկիրը չի սպասել, բայց իմ պատմությունը հետեւյալն է. ԱՄՆ ոտք դնելու հենց հաջորդ օրը հրեական մի ռեստորանում հանդիպեցի Վրաստանից արտագաղթած վաղեմի ծանոթիս՝ ջութակահար Րաֆֆի Հակոբյանին: Այդ երեկո նույն ռեստորանում իմ ելույթից հետո վրաս թափվեցին համագործակցության առաջարկներ հրեաների, հույների, իրանցիների, ռուսների կողմից: Սկսվեցին իմ անքուն գիշերները, որոնք շարունակվում են մինչ օրս: Տարիներ անց Շառլ Ազնավուրի եւ նրա դստեր՝ Սեդայի, ինչպես նաեւ Ազնավուրի ու քրոջ՝ Աիդայի համար իրականացրի հայկական մեկ-երկու երգերի գործիքավորում: Ինչ վերաբերում է ճանաչմանը, իհարկե, ինչպես կարող էր խորհրդային տարիներին երկաթյա վարագույրի պայմաններում հայաստանցի տաղանդավոր երաժիշտը դուրս գալ միջազգային ասպարեզ: Նման արվեստագետների միջազգային շուկա դուրս գալը կայանում եւ սահմանափակվում էր նրանց մեկ-երկու հյուրախաղերով: Ի վերջո փլուզվեց Խորհրդային Միությունը, մենք Ամերիկայում ասում ենք, որ դա հեղափոխություն էր: Բայց ցավոք, այդ հեղափոխությունը ճանապարհ բացեց միայն ցածրակարգ, ռաբիս երաժիշտների համար, սկսեց ծաղկել օլիգարխներին հասու քյաբաբային երաժշտությունը: Կինոն, օպերան, դասական երաժշտարվեստը եւ մշակույթի մյուս ճյուղերը պարզապես անհետացան: Հիմա էլ տեղի ունեցավ հեղափոխություն: Բայց կարծում եմ, որ հաստատ կմարի նման օլիգարխական ճաշակը, ինչի հետեւանքով կպակասի նաեւ ցածրորակ արվեստագետների պահանջարկը եւ իսկական արվեստը կարթնանա նիրհից:

Այսպես մտածում ենք ոչ միայն ամերիկաբնակ հայերս, այլեւ այլազգիները, որ հետեւում են հայաստանյան դեպքերին… Բարձր արվեստի վերելքը արդեն տեսանելի է, թե չէ Հայաստանը գնում էր դեպի գլադիատորների ժամանակաշրջան, երբ արենայում պատերազմում էին արդեն գազանների հետ: Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում ցնցված էինք, երբ համացանցով տեսանք, թե ինչպես են էշ մատուցում առյուծներին: Բայց քանի որ առյուծները դեռ կորյուն էին, էշն էր նրանց «քացու տակ» գցել: Վերջապես զենքի ուժով միայն կարողացան «հանգստացնել» էշին… Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում սպասվում է «նյուրնբերգյան դատավարություն»: Այսինքն՝ ցանկացած դաշտ, այդ թվում՝ մշակութային, պետք է մաքրվի…

– Ասում են, որ պատրաստվում եք տեղափոխվել հայրենիք եւ հայ ու օտարազգի երաժիշտների համար ձեր մասնակցությամբ թողարկած շուրջ 1600 CD-ներից հետո այստեղ թողարկել ձեր սոլո առաջին ալբոմը:

– Դա այդպես է, մեկ-երկու օրից կկայանա երեւանյան բնակարանամուտս, իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 27-ին՝ մեծ համերգ, որտեղ հանդիսատեսը կհանդիպի ճանաչված եւ երիտասարդ երգիչների, որոնք ելույթ կունենան ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ, կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանի, Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ: Համերգը կձգվի փոքր-ինչ երկար՝ 3 ժամ, քանի որ ծրագրում ներառված են շուրջ 40 տարիների ընթացքում հայ կոմպոզիտորական երգարվեստի վաղուց դասական դարձած ստեղծագործություններ: Այդ օրը կկայանա նաեւ առաջին CD-իս շնորհանդեսը: Ներառված են Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, Միշել Լեգրանի, Շառլ Ազնավուրի, Գերշվինի, այլ հանրահայտ հեղինակների նմուշներ ռոյալի մատուցմամբ:

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

19.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930