Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եկան, տեղեկացան, գնացին՝ սահմաններում պայթյունավտանգ վիճակը չարձանագրելով

Հունիս 20,2018 12:00

Որոշ մտահոգիչ հարցադրումներ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հայտարարության վերաբերյալ

Հունիսի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին Երեւան կատարած այցի վերաբերյալ, որը որոշ հարցեր է առաջացնում: Հայտարարության մեջ ասվում է, որ հունիսի 12-14-ը Երեւան կատարած այցի շրջանակում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Այնուհետեւ հայտարարության մեջ նշվում է հետեւյալը. «Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել են գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում եւ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարեւորությունը: Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում եւ՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը: Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո»,- ասվում է ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:
Միջնորդները մշտապես իրենց հայտարարություններում ավելի վաղ ընդգծում էին 2017թ. հոկտեմբերին Ժնեւի եւ ավելի վաղ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված բոլոր հանձնառությունների իրականացման կարեւորությունը, այժմ նրանք միայն հիշատակել են «կառուցողական միջավայրը պահպանելու կարեւորությունը»: Որքան էլ միջնորդների այցը ճանաչողական էր, այնուամենայնիվ հայկական կողմի համար բավական կարեւոր այս շեշտադրումները, փաստորեն, դուրս են մնացել նրանց հայտարարությունից, իսկ շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման պահանջը մոռացության տալը պաշտոնական Բաքվի երազանքն է:

Հայտարարության մեջ թեեւ նշվել է, որ մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ, սակայն ինչո՞ւ հայտարարության մեջ հիշատակում չկա Նախջեւանի կողմում կատարվող գործընթացների վերաբերյալ պատասխանատու կողմի մասով, եւ առհասարակ՝ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմաններում լարվածության, ադրբեջանական կողմից կուտակումների, ուժերի տեղաշարժի ֆոնին ինչո՞ւ է բացակայում այս գործողություններն ու Բաքվից ռազմատենչ հռետորաբանությունը անհապաղ դադարեցնելու, բացառելու կոչը: Մինչդեռ, հիշեցնենք, Բաքվից նման հայտարարություններ վերջին օրերին էլ հնչեցին: Համանախագահների տարածած հայտարարությունից 1 օր առաջ Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը բառացիորեն ասել է հետեւյալը. «Եթե հայերը չլքեն մեր տարածքները, Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ մեր օրենսդրության, իրավունք ունի ազատագրել օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով»:

Թվում է, որ առաջիկայում նախարարների հանդիպում կազմակերպելն է այս պահին, կարծես, միջնորդների գլխավոր նպատակը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքը ճշգրտելը: Գուցե միջնորդները որոշակի մտահոգություննե՞ր են ունեցել այս առումով, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարածած հայտարարության մեջ նրանք հարկ էին համարել ընդգծել, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա նկատվում է՝ նրանք այս փուլում կարեւորում են Արցախը բանակցային կողմ դիտարկելու հնարավորությունները: Օրեր առաջ Ազգային ժողովում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցուպատասխանի ժամանակ հաստատել էր, որ Հայաստանի վարչապետի եւ արտգործնախարարի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի ունեցած հանդիպումներում Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեմային անդրադարձ եղել է: Նկատենք, որ տարածված պաշտոնական հաղորդագրություններում եւ համանախագահների տարածած հայտարարության մեջ այս մասին եւս չէր նշվել: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հունիսի 1-ին ընդունված ծրագրում, մասնավորապես, նշվում էր. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում»։
Մոսկվա մեկնելուց առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Այս հանդիպմանը նա կարեւորել էր համանախագահների դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում եւ համոզմունք հայտնել, որ կձեւավորվի արդյունավետ համագործակցություն: «Հանդիպման մասնակիցները կարեւորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։ Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին»,- ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Փաստորեն, Երեւանում վարչապետի հետ հանդիպմանը թեեւ հիշատակվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ համանախագահներն այս անգամ իրենց հայտարարության մեջ չեն հիշատակել այս պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:
Միջնորդներն ավելի վաղ՝ հունիսի 12-ին, հանդիպել էին ՀՀ ԱԳ նախարարին: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել էր Հայաստանի մոտեցումները եւ դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ «Համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրին հիմնահարցի հանգուցալուծման ջանքերում իրենց փորձառությունն ու մոտեցումները։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձան բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններին՝ այս համատեքստում կարեւորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը։ Անդրադառնալով նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ամփոփումը՝  տպագիր «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930