Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պե՛տք է աջակցեն Փաշինյանին. The Hill

Հունիս 19,2018 23:33

Անցյալ շաբաթ ընդունեցի Հայաստանի քաղհասարակության առաջին այցը Վաշինգտոն այն բանից հետո, երբ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետ դարձավ հայտնի լրագրող Նիկոլ Փաշինյանը, ամերիկյան The Hill պարբերականում գրում է վերլուծաբան Ալեքս Ջոնսոնը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ժամանակին թիրախավորվել և պատժի է ենթարկվել նախկին վարչակարգի կողմից:

Ինձ հանդիպած ամերիկացի մյուս փոլիսիմեյքերների նման՝ ես նույնպես ցնցված էի անցյալ ամիս երկրում տեղի ունեցած պատմական փոփոխություններից հետո նրանց համակած լավատեսությունից և վճռականությունից: Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելով կառավարության կոռուպցիայի և  անկարողության դեմ: Այժմ, իշխանության են եկել բարեփոխիչներ, որոնք հնարավորություն ունեն ջատագովության տասնամյակները վերածելու քաղաքականության փոփոխության:

Ահա թե ինչու, ավելի քան երբևէ ԱՄՆ-ի և միջազգային հանրության համար կարևոր է կանգնել նախկին քաղբանտարկյալ Փաշինյանի կողքին: Պահը կարող է ակնթարթային լինել, բայց այսօր նա ունի փոփոխությունների մանդատ: Հունիսի 7-ին ընդունված կառավարության ծրագիրը, որը մշակվել էր շարժման առաջնորդների հետ խորհրդակցության արդյունքում, պետք է ստանա և արժանի է ստանալու միջազգային հանրության աջակցությունը:

ԱՄՆ կառավարությունը և մյուսները պետք է օգնեն Փաշինյանի կառավարությանը իրականացնել իր նոր ծրագիրը, արմատախիլ անել կոռուպցիան և զերծ պահել նախկին կառավարության պաշտոնյաներին նոր կառավարությունն ապակայունացնելու փորձերից:

Եվ արդեն որոշակի նշաններ կան առ այն, որ Միացյալ Նահանգները սկսել են ուշադրություն դարձնել այս հարցի վրա, գրում է վերլուծաբանը:

Բարեբախտաբար, երկուշաբթի ԱՄՆ երկու կուսակցությունների օրենսդիրները նամակ էին հղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Մարք Գրինին՝ կոչ անելով ավելացնել Հայաստանին ուղղված օգնության ծավալները: Դա հեշտ կլինի անել, քանի որ ԱՄՆ-ը և USAID-ն պարզապես պետք է վերահասցեագրեն ռեսուրսները. ոչ մի նոր գումար պետք չէ աջակցելու նոր կառավարության ջանքերին՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն թափանցիկություն:

Այնուամենայնիվ, համեմատաբար քիչ ուշադրություն է դարձվում Հայաստանում անցյալ ամիս տեղի ունեցած արագ և համեմատաբար ոչ բռնի իշխանափոխությանը: Եվ դա զարմանալի չէ: Հայաստանը փոքր երկիր է՝ փոքր բնակչությամբ: Մեծ թվով ամերիկացիներ, հավանաբար, Հայաստանը ճանաչում են շնորհիվ հայտնի Քարդաշյանի ընտանիքի կամ շնորհիվ ԱՄՆ-ին ուղղված Հայաստանի խնդրանքի՝ ճանաչելու 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կողմից ավելի քան 2 մլն հայերի ցեղասպանությունը:

ԱՄՆ-ը պետք է քայլ անի՝ թույլ չտալու Ռուսաստանին միջամտելու այս աճող ժողովրդավարական շարժմանը: Հայաստանը պետք է լինի Թրամփի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, քանի որ այդ երկիրը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հաճախորդ պետությունը և ղեկավարվել է ավտոկրատների ու էլիտայի կողմից, որոնք թալանել են երկրի ռեսուրսները և քաղաքացիներին:

Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերացումները նոր Հայաստանի մասին հստակ չեն՝ նա կարծես թե ցանկանում է պահպանել Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասի վրա: Գործելով արագ և վստահ՝ Պուտինը կարող էր վտանգի տակ դնել Հայաստանում ավելի քան 5000-անոց զորքի տեղակայումը և դրդել Հայաստանին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Եթե Հայաստանը շարունակի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, անհրաժեշտ կլինեն ուժեղ և համակարգված միջազգային ջանքեր՝ դիմակայելու Կրեմլի կողմից ավազակապետության անխուսափելի արտահանմանը Հայաստան:

Հնարավորինս արագ ավելի մեծ ուշադրությունը Հայաստանին հնարավորություն կտա ամրապնդել կառավարությունը և բարելավել տնտեսությունը, ինչը նրա շատ հարևաններ, մասնավորապես Ուկրաինան և Վրաստանը, տապալեցին գունավոր հեղափոխություններից հետո:

Միացյալ Նահանգներում և այլ վայրերում հայկական ազդեցիկ սփյուռքը պետք է աշխատանքներ տանի խրախուսելու ազատ շուկայական տնտեսությունը, աջակցելու անկախ լրագրությանը և փլուզելու օլիգարխների կողմից կառավարվող պետական արդյունաբերությունները, ինչպիսին է Western NIS Enterprise Fund-ը, որը հիմնադրվել է USAID-ի աջակցությամբ:

ԱՄՆ-ը մի քանի տարբերակ ունի իր արտաքին քաղաքականության գործիքակազմն աշխատեցնելու համար: «Ազգային ներդրում հանուն ժողովրդավարության» հիմնադրամն արդեն տարեկան 1.3 մլն դոլար է հատկացրել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման համար: Այս ներդրումը պետք է ընդլայնվի և զուգորդվի նորարարչական փոխանակման ծրագրերիր հետ:

ԱՄՆ Կոնգրեսն անցկացնում է մի քանի առանցքային փոխանակման ծրագրեր, որոնք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, եթե աքսելերացվեն Հայաստանի հետ:

Ավելին, ԱՄՆ կառավարությունը պետք է քաղաքական զորակցություն ցուցաբերի բարձր մակարդակի հանդիպումների և հայտարարությունների միջոցով այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է ԵԱՀԿ-ն: Աջակցության յուրաքանչյուր մեխանիզմ կարող է նաև անհրաժեշտ կերպով ազդել ընտրական օրենսգրի փոփոխության վրա՝ ապահովելու օրինականություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Խնդիրը հիմա այն է՝ արդյոք ամերիկացի փոլիսիմեյքերները և միջազգային հանրությունը հանդես կգան հանուն Հայաստանի ճակատագրի: Հույս ունեմ, որ այդպես կլինի, եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930