Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ռազմական պայմանագիր՝ նոր վարչապետի համար. «Կոմերսանտ»

Հունիս 19,2018 22:55

Ռուսական «Կոմերսանտ» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանում իշխանափոխությունից առաջ երկրի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ գնելու հարցը մինչև 2024թ.-ը: Պայմանագիրը, որով նախատեսվում էր հայկական օդուժին մատակարարել առնվազն մեկ էսկադրիլ, ստորագրվել էր 2012թ., բայց այդպես էլ ուժի մեջ չէր մտել՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով: Ըստ թերթի՝ Ռուսաստանն ակնկալում է պայմանագիրն իրականացնել Հայաստանի արդեն նոր ղեկավարության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն եղել է Սու-30ՍՄ-ի խցիկում և այդ կործանիչն անվանել «աշխարհում լավագույններից մեկը»:

Հայաստանի կողմից Սու-30ՍՄ ձեռք բերելու մասին խոսակցությունները վերսկսեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղադրեց լուսանկար, որում ինքը Էրեբունի ռազմական օդանավակայանում է՝ օդանավի խցիկում (այդ օդանավակայանում է տեղակայված ռուսական 3624-րդ ավիաբազան): «Սու-30ՍՄ. աշխարհի լավագույն կործանիչներից մեկը: Արդեն Երևանում եմ»,- գրել էր Փաշինյանը: Որևէ լրացուցիչ մանրամասներ նա չէր հայտնել, նրա այդ գործողությունը չի մեկնաբանել նաև պաշտպանության նախարարությունը: Սակայն ըստ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի՝ որոշակի քանակության Սու-30ՍՄ գնելու շուրջ Երևանի հետ բանակցությունները «գտնվում են բավականին առաջ քաշված փուլում, եթե հանգամանքները հարթ դասավորեն, պայմանագրի ստորագրումը նախատեսվում է առաջիկա 1-2 տարում: Այնուամենայնիվ, «Ռոսօբորոնէքսպորտից» «Կոմերսանտին» ասել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում:

Ավիացիոն արդյունաբերության մի քանի թոփ-մենեջերներ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել են, որ Սու-30ՍՄ-ի նկատմամբ Հայաստանի զինվորականներն ուշադրություն են սկսել ցուցաբերել դեռ 2010թ.՝ ելնելով երկրի օդային ուժերը թարմացնելու անհրաժեշտությունից: Ավելին, մոտավորապես 2012թ. Մոսկվան և Երևանը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Հայաստանը պետք է մի քանի տարվա ընթացքում ստանար առնվազն 12 կործանիչ: Բայց պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ՝ պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով: Դրանից հետո կողմերը պարբերաբար և ապարդյուն կերպով քննարկել են պայմանագրի գործնական իրականացման հեռանկարները: Ընդ որում, ինքնաթիռներից բացի՝ Հայաստանին անհրաժեշտ էին նաև սպառազինության այլ տեսակներ: Այսպես, օրինակ, Երևանը դարձել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի առաջին ստացողը, ինչպես նաև ձեռք է ներել 300 մլն դոլարի զենք:

Ըստ «Կոմերսանտի» տվյալների՝ Սու-30ՍՄ-ի մատակարարման թեմային կողմերը վերջին անգամ անդրադարձել են նախքան Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Հենց այդ հանդիպմանը Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները հայտնել են ռուս մատակարարներին, որ առավել վաղ պայմանագրի առարկա դարձած «Սուխոյ» կործանիչների գնումը հետաձգում են 6 տարով՝ մինչև 2024թ.-ը:

Ըստ թերթի աղբյուրների՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում արդեն հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո երկու երկրների մասնագետների միջև սպառազինության արտահանման վերաբերյալ ակտիվ շփումներ չեն եղել: Բայց որոշակի ազդակներ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ արդեն եղել են. Փաշինյանը մայիսի 23-ին ուղղակիորեն հայտարարեց, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են համագործակցությունը դարձնել «առավել արդյունավետ»: Իսկ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը վերջին տարիներին գերատեսչությունում զբաղվում էր սպառազինության հարցերով՝ լավ հարաբերություններ պահպանելով ռուսական պաշտպանական- արդյունաբերական համալիրի հետ: Մոսկվան ակնկալում է պայմանագրի իրականացմանն անցնել հնարավորինս արագ. դա անհրաժեշտ է մինչև 2022թ. Իրկուտսկի ավիաշինարարական գործարանի բարեհաջող աշխատանքի համար: Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն կարծում է, որ «ժամանակակից մարտական ավիացիոն համալիրների մատակարարումը կարող է դրդել Ադրբեջանին գնելու արևմտյան կործանիչներ»: Նման նախադեպեր արդեն եղել են. ի պատասխան Երևանի կողմից «Իսկանդարի» ձեռքբերման՝ Բաքուն գնեց բելառուսկան «Պոլոնեզ» համակարգերը: Հետևաբար այս մատակարարումը պետք է հավասարակշռվի Ադրբեջանին Սու-35 կործանիչներ առաջարկելու միջոցով, կարծում է փորձագետը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930