3 օր առաջ տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղերի բնակիչներին մեծ վնասներ է պատճառել: Հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտից Կոթի գյուղի շուրջ 400 հեկտար հացահատիկի արտերի բերքը ոչնչացել է:
Կոթեցիների վկայությամբ՝ դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին: Կոթիում տեղացած կարկտահատիկները չափերով բավական խոշոր են:
Նույն ժամանակահատվածում Կոթիի հարեւան`Բարեկամավան գյուղում կարկուտը վնասել է տնամերձ ցանքերը, պտղատու ծառերը: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանի վկայությամբ `գյուղի տնամերձ տարածքների մի մասը տուժել է 70-80 ,մյուս մասը`մոտ 30 տոկոսով: Կարկտից վնասվել է բարեկամավանցու մարդատար ավտոմեքենա, մի քանի առանձնատան ծածկի շիֆերներ:
Հունիսի 18-ին Կոթի եւ Բարեկամավան են այցելել խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղվարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ովքեր ծանոթացել են կարկտահարության պատճառած վնասի չափերին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ