«Ուշադիր ընթերցողը գիտի, որ այսօր մեր երկրում խոսքի ազատություն կա։ Ես հասկանում եմ՝ նախկինում ասվում էր, թե ինչ ասել եւ ինչպես…Ուղղակի ցանկանում եմ, որ այսօր նման մեթոդներ չկիրառվեն»,-«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր վերջին ֆեյսբուքյան գրառումներից մեկին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները, մասնավորապես, հարցրել էին, թե ում էր ուղղված նրա այս գրառումը. «Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի’ արեք»։
Փաշինյանը չհստակեցրեց, թե որ հեռուստաընկերությանն է ուղղված կոչը: «Եթե որեւէ մեկին հասցեավորեմ, կստացվի, որ ուզում եմ թիրախավորել։ Ես ուղղակի ահազանգ եմ հնչեցնում եւ խնդրանք ուղղում»,-եզրափակեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ