Արդեն չորրորդ օրն է Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում բողոքի ցույցեր են ընթանում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ: Ցույցի կազմակերպիչները`«Արմավիր» նախաձեռնող խմբի անդամները, պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը:
Նախաձեռնող խմբի անդամներից Ավետիս Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչո՞ւ են պահանջում Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. «Նախկին կլանից մնացած մարդ է մեր քաղաքապետը, ՀՀԿ-ի անդամ է, այս տարիներին քաղաքի բյուջեն ի օգուտ քաղաքի չի ծախսվել»: Մեր զրուցակիցն ասում է`նախաձեռնող խմբի անդամներ- ակտիվիստներից կան մարդիկ, ովքեր ներկա են եղել քաղաքի ավագանու նիստերին, լավ տեղյակ են իրականությանը, քաղվածքների են տիրապետում: Այսինքն, իրենց մտահոգությունները «օդից կախված» չեն, իրական են:
Մասնավորաբար, քաղաքում աղբահանությունը խնդիր է. «Ներկայացված է բյուջեով մեծ գումարների ծախս է եղել, բայց մեր շարժումը սկսելու երրորդ օրը մեկ-երկու աղբաման է հայտնվել քաղաքի կենտրոնական փողոցներում: Մինչդեռ, թղթերով կես տարի առաջ պատվիրված էին այդ աղբամանները»:
Խմելու ջուրն էլ է քաղաքում խնդիր`արդեն տասը կամ ավելի տարիներ: Հիշեցնենք, Ռուբեն Խլղաթյանն արդեն 14 տարի է Արմավիրի քաղաքապետն է: Ժամանակին խողովակներ են փոխվել, որից հետո խմելու ջուրը դարձավ 24 ժամյա, բայց, խմելու ջուրը խմելու չէ, պղտոր է: Քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ ժամանակին, երբ ջրագիծ էր փոխվում, ոչ թե նոր խողովակներ են բերվել, այլ Ռուբեն Խլղաթյանին պատկանող խոզաբուծական ֆերմայում օգտագործված խողովակները: Մարդիկ ենթադրում են, որ դրա համար էլ խմելու ջուրը խմել չի լինում:
Ինչ վերաբերվում է մանկապարտեզներին, որոնք համայնքապատկան են. մեր զրուցակիցն ասում է. «Ըստ բյուջեների`պետք է ոսկուց մանկապարտեզներ ունենայինք»:
Ավետիս Ավետիսյանից հետաքրքրվեցինք`ինչո՞ւ են հիմա որոշել պայքարել Ռուբեն Խլղաթյանի դեմ, Էջմիածնում եղած դեպքերից ու քաղաքապետ կարեն Գրիգորյանի հրաժարականի՞ց են ոգեւորված: Նա պարզաբանեց, որ ցույցերն ու բողոքի ակցիաներն ավելի վաղ էին կազմակերպել, հենց հեղափոխության օրերին, ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց:
Հետաքրքրվեցինք նաեւ`տեղի բնակիչներից արձագանք ստանո՞ւմ են: Պարզվում է`արդյունքներն առայժմ գոհացուցիչ չեն: Ցույցերի առաջին օրը 30 մարդ է մասնակցել, չորրորդ օրը 100-ից ավելի: «Աճն ակնհայտ է»,- ասում է Ավետիս Ավետիսյանը`հավելելով, որ խնդիր ունեն`Արմավիրի մարզն ամենա ՀՀԿ-ական մարզն է, Արմավիրը`ամենա ՀՀԿ-ական քաղաքը եւ ամեն ՀՀԿ-ական մարզկենտրոնը:
Հարցին`այսինքն, մարդիկ հավատում, վստահում, ապավինո՞ւմ են ՀՀԿ-ին, Ավետիս Ավետիսյանը պատասխանեց. «Ուրիշ հարց է`մեկն ամոթից, թե ինձ «պադդերժկա» են արել, ոնց դուրս գամ քաղաքապետի կամ ավագանու դեմ… Չես էլ կարող ասել`ծախված են, գրպանները փող են դրել: Հասատի տեղեկություն չունենք, որ քաղաքապետը գումար է բաժանել մարդկանց, ասել է`մի գնացեք: Կամ` չգիտեմ: Չի կարելի ասել վախի, ծախվածութան մթնոլորտ կա: 15 ավագանի կա`մեկի հարեւանն է, մյուսի բարեկամը…»:
Ավետիս Ավետիսյանը համամիտ է նաեւ Aravot.am-ի այն դիտարկման հետ, որ ամեն դեպքում Ռուբեն Խլղաթյանը Մանվել Գրիգորյան չէ, որքան էլ նրա աշխատանքը եւ պահվածքը զայրացնի տեղացիներին. «Ճիշտ եք ասում: Մանվելի տղան`քաղաքապետը, Մանվելի դեպքից հետո հրաժարական տվեց, մինչ էդ` պայքար-պայքար մինչեւ վերջ էր ասում: Բայց նույն թաղային խուժանի տրամաբանությամբ են իրենք: Մեկն ավելի մեծ գռփող է, մյուսը`ավելի քիչ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ