Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» խափանման միջոցն ընտրելու դատական նիստը։ Այն անցել է դռնփակ։
Փաստաբան Գեղամ Հակոբյանը նիստի ավարտին նշեց, որ երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով հունիսի 16-ին խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։